AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հաստատվել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, համաձայն որի պետք է գործի գիտատեխնիկական խորհուրդ վերնագիր

23/11/2023

Շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի հունիսի 2-ի N 191-Լ հրամանով հաստատվել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, համաձայն որի պետք է գործի գիտատեխնիկական խորհուրդ։ Այն խորհրդակցական մարմին է, որի կազմում ընդգրկվում են հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի բնագավառի գիտնականներ, առաջատար մասնագետներ, կազմակերպության ստորաբաժանումների ղեկավարներ։
Գիտատեխնիկական խորհրդի գործունեության նպատակը կազմակերպության առջև դրված խնդիրների, մասնավորապես հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի բնագավառում գիտատեխնիկական, կիրառական, մեթոդական, օպերատիվ աշխատանքների իրականացման նպատակով գիտականորեն հիմնավորված կարծիքներ և եզրակացություններ տրամադրելն է:
Գիտատեխնիկական խորհրդի անհատական կազմը հաստատվել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի 2023 թվականի հոկտեմբերի 19-ի 1376-Ա հրամանով։
2023 թվականի նոյեմբերի 21-ին կայացավ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական խորհրդի 2023 թվականի անդրանիկ նիստը։ Նիստին մասնակցում էին խորհրդի նախագահը, խորհրդի 20 անդամներից 15-ը և հրավիրված հյուրեր։
Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգի քննարկում (զեկուցող Լ. Ազիզյան) և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեության 9-ամսյա հաշվետվության քննարկում (զեկուցող Լ. Ազիզյան)։
Գիտատեխնիկական խորհրդի նախագահ, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնելով նիստին մասնակցության համար, նշեց խորհրդի ստեղծման նպատակների և դրա առջև դրված խնդիրների լուծման և առաջարկների ներկայացման կարևորությունը, ինչպես նաև այն, որ խորհուրդը կապող օղակ է հանդիսանում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և գիտական հաստատությունների միջև։
Խորհրդի նիստում հաստատվեց աշխատակարգը և ի գիտություն ընդունվեց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեության 9-ամսյա հաշվետվության զեկույցը։
Ելույթներով հանդես եկան խորհրդի անդամներ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Սիմոն Պապյանը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Վարդանյանը, ՀՀ ԳԱԱ «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի երկրաբանական տեղեկատվության լաբորատորիայի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Առաքելյանը։
Նիստի արդյունքում, որոշվեց ձևակերպել քննարկման ենթակա խնդիրները և ներկայացնել թեմաների առաջարկներ 2024 թվականի ընթացքում խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար։