AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2023 թվականի օգոստոսի 29-ին կայացավ «Հիդրոօդերևութաբանության զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները կիսալեռնային և լեռնային երկրներում» միջազգային գիտակիրառական գիտաժողովը

31/08/2023

2023 թվականի օգոստոսի 29-ին կայացավ «Հիդրոօդերևութաբանության զարգացման հիմնախնդիրներն ու հեռանկարները կիսալեռնային և լեռնային երկրներում» միջազգային գիտակիրառական գիտաժողովը, որն անցկացվում էր ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում իրականացվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) գիտության կոմիտեի «Սևանա լիճ թափվող գետերի ձմեռային սակավաջուր շրջանի ջրի ծախսի բնութագրերի ջրաէկոլոգիական գնահատումը» և ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ - ՀՀՌՀ - 2020» միջազգային մրցույթի շրջանակներում իրականացվող «Գարնանային վարարումների շրջանում գետային հոսքի կարճաժամկետ հավանականային կանխատեսում» թեմաների շրջանակներում։
Գիտաժողովը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի, Սանկտ Պետերբուրգի Հիդրոօդերևութաբանության համալսարանի, Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի, Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի գիտության և բարձր տեխնոլոգիաների դաշնային կենտրոնի հետ համատեղ։
Գիտաժողովին ելույթով հանդես եկավ նաև «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ով ողջունելով հյուրերին հատուկ երախտագիտություն հայտնեց Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանության համալսարանին՝ ի դեմս Եկատերինա Վլադիմիրովնա Գայդուկովայի և Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանին՝ ի դեմս Նատալյա Լեոնիդովնա Ֆրոլովայի (նախագծի գիտական խորհրդատու)՝ գիտաժողովի կազմակերպման գործում նրանց ունեցած ներդրման, գիտական թեմաների իրականացման գործընթացներին մասնակցելու, աջակցելու և համագործակցելու համար, ինչպես նաև գիտաժողովի կազմակերպիչ մյուս կազմակերպություններին, այդ թվում ԵՊՀ-ին՝ ի դեմս ռեկտոր պարոն Հովհաննիսյանի և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար պարոն Խաչատրյանին՝ աջակցության և կազմակերպման համար։


Գիտաժողովին մասնակցում էին ՌԴ պետական հիդրոօդերևութաբանության համալսարանի, նույն համալսարանի Հիդրոլոգիայի և օվկիանոսագիտության ինստիտուտի, Ռուսհիդրոմետի պետական հիդրոլոգիական ինստիտուտի, Բելառուսի պետական համալսարանի, Խարկովի Վ. Կարազինի անվան ազգային համալսարանի, Մոսկվայի պետական համալսարանի, Լեռնային Ալթայի պետական համալսարանի, Յուգորսկի պետական համալսարանի, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի, Երևանի պետական համալսարանի, ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ներկայացուցիչները։
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկույցներ այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են հիդրոլոգիական կանխատեսումների ժամանակակից մեթոդները, վիճակագրության կիրառումը հիդրոօդերևութաբանական բնութագրիչների գնահատականներում, անօդաչու սարքերի կիրառումը հիդրոլոգիական հետազոտություններում, լեռնային և կիսալեռնային տարածքներում գետերի հոսքի ձևավորման պայմանների վերլուծությունը, ընթացիկ և կանխատեսվող փոփոխությունները կլիմայի փոփոխության պայմաններում, ջրային ռեսուրսների մոնիթորինգի և կառավարման հիմնախնդիրները, օդի աղտոտվածության մոնիթորինգի նոր մոտեցումներ և գործիքներ, հեռահար զոնդավորման կիրառումը տարբեր հետազոտություններում։