AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հոկտեմբերի 10-ին EU4Sevan ծրագրի շրջանակներում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ մեկնարկային հանդիպում

11/10/2022

Հոկտեմբերի 10-ին EU4Sevan ծրագրի շրջանակներում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ մեկնարկային հանդիպում՝ նվիրված Սևանա լճի ավազանում ստորերկրյա ջրերի որակի, վերականգնման ներուժի, մակերևութային ջրերի հետ փոխազդեցությունների, ծագման և հասակի ուսումնասիրություններին: 
Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ Գերմանիայի Դաշնության Հելմհոլցի բնապահպանական կենտրոնից, Դարմշտադտի տեխնիկական համալսարանից, Հայաստանի գիտական կենտրոններից, EU4Sevan ծրագրի թիմից, ԵՄ և ԱՄՆ ՄԶԳ ջրերի հետ առնչվող ծրագրերից և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի մասնագիտական ստորաբաժանումներից: 
Բացման խոսքով հանդես եկան EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը: 
Ողջունելով հյուրերին՝ Լ. Ազիզյանը ներկայացրեց վերջին տարիներին Սևանա լճի առջև ծանրացած բնապահպանական մարտահրավերները և հույս հայտնեց, որ այս ծրագրի շրջանակներում ևս կգրանցվեն գոհացնող արդյունքներ, քանզի հավաքված է պրոֆեսիոնալների թիմ, որի մի մասի՝ Հելմհոլցի կենտրոնի և EU4Sevan ծրագրի թիմի հետ արդեն իսկ առկա է համագործակցային արդյունավետ փորձ:


Հելմհոլցի բնապահպանական կենտրոնը և Դարմշտադտի տեխնիկական համալսարանը միավորելով իրենց գիտահետազոտական և վերլուծական կարողությունները՝ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ նշված ծրագրի շրջանակում դաշտային հետազոտությունների միջոցով իրականացնելու են.

  • նոր տվյալների հավաքագրում`
  • ստորերկրյա և մակերևութային ջրերի որակի վերաբերյալ՝ օգտագործելով ֆիզիկաքիմիական և իզոտոպային ցուցանիշները,
  • ստորերկրյա ջրերի ծագման և տարիքի վերաբերյալ՝ օգտագործելով շրջակա միջավայրի հետագծերը (կայուն իզոտոպներ և ռադիոիզոտոպներ),
  • գնահատվելու է ստորերկրյա ջրերի ներհոսքի ներդրումը լճի ընդհանուր ջրային հաշվեկշռի մեջ՝ օգտագործելով հեռահար զոնդավորման տվյալները և լճի ափամերձ հատվածների հետագծերը,
  • կիրառվելու է ստորերկրյա ջրերի հոսքի թվային մոդել, որտեղ կօգտագործվեն նոր հավաքագրված և առկա տվյալները։ #ՀՄԿ #HMC #EU4Sevan: