25/02/2019
2019թ․ մարտի 19-ին Կոտայքի, իսկ մարտի 21-ին Գեղարքունիքի մարզպետարաններում կայացած, համապատասխանաբար՝ Հրազդանի և Սևանի ջրավազանների հիմնախնդիրների վերաբերյալ մեկնարկային խորհրդատվական հանդիպումները իրենց շուրջն էին համախմբել շահագրգիռ կողմերին՝ պետական, միջազգային, գիտական, ՏԻՄ, ԶԼՄ, ՀԿ կառույցներից։
Միջոցառումները կազմակերպվել էին «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ ջրային նախաձեռնություն պլյուս Արևելյան գործընկերության երկրների համար» (ԵՄՋՆ+) ծրագրի շրջանակներում։
ԵՄՋՆ+ Արևելք ծրագրի նպատակն է բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը արևելյան երկրներում (Ադրբեջան, Բելառուս, Հայաստան, Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա), համապատասխանեցնելով պետական քաղաքականությունն ու ռազմավարությունը ԵՄ Ջրի Շրջանակայնի Դիրեկտիվին, Ջրային Ռեսուրսների Համապարփակ Կառավարման (ՋՌՀԿ) սկզբունքներին ու համապատասխան բազմակողմ բնապահպանական համաձայնագրերին։
Ինչպես Կոտայքի, այնպես էլ Գեղարքունիքի մարզպետարաններում ծրագրի խորհրդատու Արևիկ Հովսեփյանը մասնակիցներին ներկայացրեց ծրագրի նպատակը, ինչպես նաև շահագրգիռ կողմերի ներգրավման և հանրային խորհրդատվության գործընթացը։ Նա նշեց, որ քննարկման ներկայացված նախագծերը նկարագրում են Հրազդանի և Սևանի ջրավազանների բնապահպանական նպատակները և դրանց հասնելու համար նախատեսվող միջոցառումները: Հավելեց նաև, որ ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերը ենթակա են քննարկման՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ և կարևորեց հանրության ներգրավումը ջրային ռեսուրսների կառավարման գործընթացին։
Ծրագրի փորձագետները ներկայացրեցին ջրավազանների բնութագրերն ու հիմնախնդիրները։ Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքն (ՋԿՏ) ընդգրկում է 2 հիմնական ջրավազաններ՝ Հրազդան և Քասախ։ Հրազդանի ՋԿՏ-ում ընդգրկված են 10 կմ և ավել երկարությամբ 20 գետեր, 1մլն մ3 և ավելի ծավալով 9 ջրամբարներ, 2 համեմատաբար մեծ բնական լճեր՝ Քարի և Ակնա, ինչպես նաև 7 առաջնային, 4 դերիվացիոն և 7 երկրորդային ջրանցքներ։
Սևանա լճի ավազանում առկա է 993 գետ և վտակ, որոնց ընդհանուր երկարությունը հասնում է 2687 կմ: Այս գետերից 56-ը ունեն 10-25 կմ երկարություն, 6-ը՝ 25-50 կմ և 1-ը` ավելի քան 50 կմ։ Սևանա լիճ են թափվում 29 գետ և գետակներ (ներառյալ գետերի տեսքով խոշոր աղբյուրները), և միայն Հրազդան գետն է, որ սկիզբ է առնում լճից:
Ջրի որակի առնչությամբ նշվեց, որ ՀՀ-ում մակերևութային ջրերի և ստորերկրյա ջրային ռեսուրսների որակի մոնիթորինգն իրականացվում է ՀՀ ԲՆ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Հրազդանի ջրավազանի համար ջրի որակի մոնիթորիգ իրականացվում է 22 նմուշառման կետերում` մակերևութային ջրերիև 8 կետերում` ստորերկրյա ջրերի համար: Ջրի որակի մոնիթորինգն իրականացվում է յուրաքանչյուր ամիս` մակերևութային ջրերի համար և տարեկան երկու անգամ` ստորերկրյա ջրերի համար:
Սևանի ՋԿՏ-ում մակերևութային ջրերի որակի մոնիթորինգը իրականացվում է Սևանա լճում, Արփա-Սևան թունելի լիճ թափվելու կետում և Սևանա լիճ հոսող 9 հիմնական գետերում՝ Ձկնագետ, Մասրիկ (նաև դրա վտակ Սոթքում), Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվակ և Գավառագետ: Նմուշառման կետերի ընդհանուր թիվը 19 է: Ներկայումս իրականացվում է միայն քիմիական մոնիթորինգ։
Մոնիթորինգի տվյալների համաձայն, կենսածին նյութերի՝ ամոնիում և ֆոսֆատ իոնների կոնցենտրացիաները բարձր են Հրազդան, Ծաղկաձոր և Քասախ գետերի միջին և ստորին հոսանքներում` գետերի ջրի մեջ կենցաղային կեղտաջրերի հեռացման հետևանքով: Ընդհանրապես երկու ջրավազանների վրա մեծ են մարդածին ազդեցությունները, որոնք էլ հանգեցնում են ջրի որակի վատթարացմանը։
Խմբային աշխատանքների միջոցով քննարկվեցին ջրավազաններում առկա հիմնախնդիրները, մասնակիցները իրենց տեսակետներն արտահայտեցին հիմնական մարտահրավերների վերաբերյալ և առաջարկություններ ներկայացրեցին ջրի որակի բարելավման, ջրային ռեսուրսների խնայողության, անվտանգ խմելու և ոռոգման ջուր ապահովելու և մարդկանց առողջության պահպանման հարցերի շուրջ։
Երկխոսությունները շատ կարևոր էին և դրանց արդյունքները հաշվի են առնվելու ջրավազանային կառավարման պլանների մշակման նպատակներին հասնելու համար հնարավոր գործողությունները սահմանելիս։
Հանդիպումներին «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ի հրավերով մասնակցեցին նաև «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվական վերլուծության բաժնի պետ Աննա Զատիկյանը (Սևան) և Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը (Հրազդան)։ Օրհուս կենտրոնը իր աջակցությունն է ցուցաբերում իրականացվող ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը հանրության շրջանում տարածելու, ինչպես նաև ջրավազանային կառավարման պլանների նախագծերի մշակման գործընթացին հանրությանը մասնակից դարձնելու հարցերի շուրջ։