AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կայացավ Օդերևութաբանության համաշխարհային օրվան և ՀՀ-ում անտառագետի, ջրաբանի, օդերևութաբանի օրերին նվիրված հանդիսավոր նիստը

27/03/2024

Մարտի 25-ին կայացավ Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի, օդերևութաբանի օրերին նվիրված հանդիսավոր նիստը, որի ընթացքում ամփոփվեց նաև Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2023 թվականի գործունեության հիմնական արդյունքները։ 

Ողջույնի խոսքով նիստը բացեց ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, որը ընդգծեց օրվա կարևորությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում հիդրոօդերևութաբանական տվյալների կիրառման նշանակությունը։
Մասնագիտական տոների առթիվ հանդես եկավ շրջակա միջավայրի նախարար պարոն Հակոբ Սիմիդյանը, ով իր շնորհավորական ուղերձում մասնավորապես շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ ոլորտը զարգացում է ապրում։ Նա հատուկ ընդգծեց, որ «Այժմ, քան երբևէ, մեծ է գիտելիքի և փորձառության պահանջարկը ձեր մասնագիտական բնագավառում՝ այն է՝ ճիշտ ժամանակին և ճշգրտորեն կանխատեսել բնական երևույթները, ինչպես նաև ամենօրյա ռեժիմով իրականացնել շրջակա միջավայրի մշտադիտարկման աշխատանքներ»։
Ելույթ ունեցան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի անունից` նախարարի խորհրդական Արամ Մելքոնյանը, ինչպես նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, որոնք շնորհավորելով մասնագիտական տոների առթիվ ընդգծեցին ոլորտի կարևորությունը և մաղթեցին նորանոր հաջողություններ։
Ապա շնորհավորական ուղերձներով հանդես եկան «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի միջազգային և տեղական գործընկերները, որոնք հատուկ նշեցին սերտ համագործակցության կարևորությունը կլիմայի փոփոխության ռիսկերի գնահատման, շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման բնագավառներում։
Այնուհետ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրեց ՊՈԱԿ-ի 2023 թ․ գործունեության հիմնական արդյունքները և ձեռքբերումները։ 

Մասնագիտական տոների կապակցությամբ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների հանձնվեցին պատվոգրեր և շնորհակալագրեր։
Միջոցառումն ամփոփվեց ավելի վաղ հայտարարված «Կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում» խորագրով մրցույթի հաղթող երեխաների պարգևատրմամբ։