AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոյի ելույթը Օդերևութաբանության համաշխարհային օրվա կապակցությամբ

22/03/2024

Օդերևութաբանության համաշխարհային օրը։
Նախկինում ես նշում էի այս օրը նաև Արգենտինայի օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայությունում, քանի որ սա եզակի հնարավորություն է օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայությունների, դրանց գործառույթների և նպատակների մասին իրազեկության բարձրացման համար։
Ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայությունները՝ ՀՕԿ անդամները, կլիմայի փոփոխության դեմ մեր պայքարում հիմնական դերակատարներն են: Անհերքելի է այն փաստը, որ ՀՕԿ-ը տրամադրում է համապատասխան գործիքներ և գիտելիքներ ինչպես կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման, այնպես էլ հարմարվողականության բարձրացման համար:
Ուստի, այս տարվա Օդերևութաբանության համաշխարհային օրվա՝ «Կլիմայական գործողությունների առաջնագծում» թեմայի արդիականությունը հիմնավորված է։
«Կլիմայական գործողություններ» արտահայտությունը տարբեր մարդկանց համար տարբեր նշանակություն կարող է ունենալ։
Սակայն բոլորը համակարծիք են, որ դրանց հրատապ իրականցումն այլընտրանք չունի։ Սա բոլորին միևնույն ուղղությամբ շարժվելու կոչ է և հրամայողական։
Մեր օդերևութաբանական և հիդրոլոգիական համայնքները հավաքագրում, տարածում և վերլուծում են եղանակի, ջրի և շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալներ: Սրանց հիման վրա պատկերացում ենք կազմում կլիմայի առկա իրավիճակի և դրա փոփոխման միտումների վերաբերյալ։
Մենք չենք կարող կառավարել այն, ինչը չենք չափում ու գնահատում, և հենց այս տեսանկյունից ՀՕԿ-ն իր գործառույթներով կատարյալ դիրքերում է: Մենք ունենք տվյալների և լավագույն փորձի փոխանակման ավելի քան 150 տարվա արժանավայել պատմություն, և դա մեր ուժն է։
Հիմնվելով հենց այդ ուժի վրա՝ մենք տեղեկատվություն ենք տրամադրում հետևանքների մեղմացմանն ուղղված գործողություններին աջակցելու համար: Այս նպատակով ստեղծվեց ՀՕԿ-ի Ջերմոցային գազերի դիտարկումների համաշխարհային ծառայությունը։ Մեզ անհրաժեշտ են ավելի շատ չափումներ՝ որոշումների կայացման ու կլիմայական գործողությունների խթանման համար։
Բայց միայն մեղմացմանն ուղղված գործողությունները բավարար չեն։ Հարմարվողականությունն առավել քան ՊԱՐՏԱԴԻՐ է։ Շատերի համար սա կյանքի ու մահվան հարց է:
Առաջնահերթության կարգով հիդրոօդերևութաբանական ծառայություններն ամբողջ աշխարհում զբաղվում են իրենց վաղ նախազգուշացման համակարգերի կատարելագործմամբ, որոնք հարմարվողականության և աղետների ռիսկի նվազեցման հիմնասյունն են:
Այդուհանդերձ, այսօրվա դրությամբ, շատ երկրներ չեն կարողանում պաշտպանել իրենց բնակիչներին՝ վաղ նախազգուշացումների ապահովման բավարար կարողությունների բացակայության պատճառով։ Ահա թե ինչու, որպես համաշխարհային հանրության մաս, մենք ձեռնամուխ եղանք «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնությանը:
Երկրի վրա գտնվող յուրաքանչյուր անձ մինչև 2027 թվականի վերջը պետք է հասանելիություն ունենա ժամանակին, վստահելի և կենսապաշտպանություն ապահովող եղանակային և կլիմայական տեղեկատվությանը։
Կլիման և եղանակը ազդում են գրեթե յուրաքանչյուր ոլորտի գործունեության վրա: Օրինակ՝ վերականգնվող էներգիայի համակարգերը, ներառյալ քամու էներգիան, արևային էներգիան և հիդրոէներգիան․ գյուղատնտեսական արտադրություն, ձկնաբուծություն, տրանսպորտ, առողջապահություն։ Եղանակի և կլիմայի մասին տեղեկատվությունը խթանում է տնտեսական աճը: Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան՝ կլիմայական գիտությունը ծառայությունների վերածելու համար: Մենք պետք է նաև այս կլիմայական ծառայություններն ավելի մատչելի դարձնենք և առավել արդյունավետ օգտագործենք:
Օդերևութաբանության համաշխարհային օրվա հայեցակարգում Ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայությունները կենտրոնական տեղ են զբաղեցնում: Դրանք առանցքային դեր ունեն ռիսկերի նվազեցման, կարողությունների զարգացման, հարմարվողականության, մեղմացման և կայունության ապահովման գործում:
Մենք պետք է երաշխավորենք, որ նրանց փորձը կնպաստի կլիմայական գործողությունների համատեքստում բարձր մակարդակով քաղաքականություն մշակելու գործընթացին։ Որպես ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար՝ ես պարտավորվում եմ աշխատել յուրաքանչյուր Ազգային օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայության /NMHS/ հետ՝ այս արժեշղթայի արդունավետ իրագործումն ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ապահովելու համար։ Մասնավորապես խոսքը ներառականության և կայուն ուղիների խթանման մասին է։
Բնապահպանական աննախադեպ մարտահրավերների պայմաններում մենք սոսկ դիտորդներ չենք: Ավելի շուտ, մենք կոչված ենք փոխելու խաղի կանոնները։
Մեր դերը՝ որպես գիտնականներ և մոլորակի պաշտպաններ, երբևէ ավելի կարևոր չի եղել:
Գալիք սերունդների ապագան մեր ձեռքերում է։ Այսօրվա մեր ջանքերը ապագա սերունդների համար կապահովեն ավելի անվտանգ և առողջ աշխարհ՝ մի աշխարհ, որտեղ երեխաները կզարգանան բնության հետ ներդաշնակ:
Միասին մենք կանգնած ենք կլիմայական գործողությունների առաջնագծում՝ կիրառելով մեր հավաքական փորձը ընդհանուր բարօրության և կայուն ապագայի ձևավորման համար:
Շնորհակալություն: