AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մարտի 21-ին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Անտառների, Ջրի և Օդերևութաբանության համաշխարհային օրերին

22/03/2024

Կենտրոնը վերոնշյալ տոների կապակցությամբ հյուրընկալել էր ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության առկա ուսուցման 1-ին կուրսի ուսանողներին՝ «Բնապահպանություն» առարկայի դասախոսի և Աբովյան համայնքի Պտղնի գյուղի 7-9-րդ դասարանի աշակերտներին՝ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ։
Օրհուս կենտրոնի համակարգողն ուսանողներին և աշակերտներին հակիրճ տեղեկատվություն ներկայացրեց անտառի, ջրի և օդերևութաբանության կարևորության վերաբերյալ՝ առանձնակի շեշտադրելով տվյալ ոլորտներին առնչվող տվյալների կարևորությունը կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացման գործընթացում։
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի «Կլիմայի» և «Հիդրոլոգիայի» ծառայությունների մասնագետներն իրենց հերթին մանրամասն մասնագիտական մեկնաբանություններ ներկայացրեցին քննարկվող թեմաների շրջանակում բարձրացվող հարցերի վերաբերյալ։
Մասնավորապես նշվեց, որ 2024 թվականին Անտառների միջազգային օրվա թեման է «Անտառներ և նորարարություն. նոր լուծումներ ավելի լավ աշխարհ ունենալու համար», որի հիմքում ընկած են անտառների կառավարման նորագույն տեխնոլոգիաները, ինչպիսիք են ժամանակակից անտառտնտեսություններում ՝ անօդաչու թռչող սարքերը, տվիչները, արբայնակային համակարգերը և այլն։ Ներկայացվեց Հայհիդրոմետ ՊՈԱԿ-ի անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի զարգացումները նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:
Խոսվեց նաև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ մարտի 22-ը Ջրի համաշխարհային օր հռչակելու մասին։ Այս կապակցությամբ ամեն տարի նույնպես կազմակերպվում են ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ, իսկ 2024 թվականին դրանք կանցկացվեն «Ջուր հանուն խաղաղության» խորագրի ներքո։ Մասնակիցները տեղեկատվություն ստացան նաև Հայաստանի ջրային էկոհամակարգերի, այդ թվում՝ Սևանա լճի պահպանության և գետերի աղտոտվածության խնդիրների վերաբերյալ։
Ինչ վերաբերում է մարտի 23-ին նշվող Օդերևութաբանության համաշխարհային օրվան, Օրհուս կենտրոնի համակարգողը շեշեց, որ տոնը նշվում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անդամ 189 երկրներում, իսկ 2024թ․-ին այն նշվում է «Կլիմայական գործողությունների առաջնագծում» թեմայի շրջանակներում։
Ներկայացվեց նաև, որ Կայուն զարգացման նպատակ 13-ը (ԿԶՆ 13) պարտավորեցնում է «անհետաձգելի գործողություններ ձեռնարկել կլիմայի փոփոխության և դրա հետևանքների դեմ պայքարի համար» և այս նպատակին հասնելու առաջընթացը հիմք է հանդիսանում Կայուն զարգացման մյուս բոլոր նպատակների առաջընթացի համար։
Մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց կլիմայական հիմնախնդիրների և դրանց լուծման մեջ յուրաքանչյուրի դերի վրա։ Մասնակիցները դիտեցին նաև «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործառույթների մասին պատմող տեսահոլովակը, ծանոթացան կազմակերպության կայքին, ֆեյսբուքյան էջին և ստացած գիտելիքներն ամփոփեցին «Kahoot» հարթակի առցանց ուսուցողական խաղի միջոցով։
Ըստ մասնակիցների միջոցառումը շատ օգտակար էր և կարևոր, թե′ առօրյա և թե ուսումնական ու գործնական նպատակներով դրանք կիրառելու տեսանկյունից։