AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ստորերեկրյա ջրերի մոնիթորինգ. ընթացիկ աշխատանքներ

01/03/2024

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Ստորերեկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունը քաղցրահամ ստորերկրյա ջրերի մոնիթորինգն իրականացնում է 119 դիտակետերում, որտեղ 5-օրյա պարբերականությամբ չափվում է աղբյուրների և շատրվանող հորատանցքերի ջրի ծախսը, իսկ գրունտային և չշատրվանող հորատանցքերում՝ ջրի մակարդակը, բոլոր դիտակետերում՝ ջրի ջերմաստիճանը: 
Տարեկան երկու անգամ 55 դիտակետերից իրականացվում է ստորերկրյա ջրերի նմուշառում, դրանց որակական բնութագրերը որոշելու համար: Քիմիական անալիզի արդյունքում որոշվում է ստորերկրյա ջրերի հանքայնացումը, կոշտությունը, pH-ը, հոտը, համը և այլ մակրո և միկրոտարրեր՝ թվով շուրջ 40 բաղադրիչ: 
Ստորերեկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունն աշխատանքները իրականցնում է ժամանակակից չափիչ գործիքներով: Մշտապես կատարելագործվում են չափումներ իրականացնելուն նպաստող տեխնիկական հնարավորությունները և գործնական հմտությունները: 
2024 թվականի փետրվարի 29-ին ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության և «Առլեամդուռ» ՍՊԸ-ի աշխատակիցների ջանքերով Արագածոտնի մարզի Կարբի գյուղի տարածքում գտնվող N2089 դիտակետում տեղադրվեց պիեզոմետրական խողովակ, որը չափումները կդարձնի ավելի դյուրին, իսկ մոնիթորինգի տվյալներն առավել հավաստի: 
Դիտակետում կուսումնասիրվեն Արարատյան արտեզյան ավազանի նախալեռնային գոտու ստորերկրյա ջրերը: Այստեղ ստորերկրյա ջրերը բարձր որակի են, պիտանի են խմելու և ոռոգման համար: Դիտակետում ստորերկրյա ջրերի մակարդակը վերականգվում է երկրի մակերևույթից 46.2 մետր ցածր, ջրերի ջերմասիճանը 10.3°C է, էլեկտրահաղորդականությունը՝ 273 մկՍմ/սմ: