AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Գեոմագնիսական դաշտ

29/02/2024

Գեոմագնիսակիան դաշտը երկրագնդի շուրջ գոյություն ունեցող հաստատուն և փոփոխական դաշտն է, որը ձգվում է տարածության մեջ՝ դիմագրավելով արեգակնային քամուն։ Այն ձևավորվում է Երկրագնդի արտաքին միջուկում, որտեղ առկա երկաթի հեղուկի մեջ հոսող էլեկտրական հոսանքները կոնվեկտիվ շարժումների հետևանքով առաջացնում են մագնիսական դաշտ, որն էլ իր հերթին տարածվում է Երկրի շուրջ (միջուկում ջերմաստիճանը հասնում է մինչև 5700°C): Երկրի մագնիսական դաշտը չի թողնում, որ Արեգակից եկող, օրգանական կյանքի համար կործանարար մասնիկների հոսքը հասնի Երկրի մակերևույթ։ Երկրի մագնիսականությունը պայմանավորված է հենց այս դաշտով։
Հաստատուն դաշտը ենթարկվում է դանդաղ, դարավոր փոփոխությունների։ Այդ փոփոխությունների հետևանքով Երկրի մագնիսական բևեռները, որոնք չեն համընկնում աշխարհագրական բևեռների հետ, ժամանակի ընթացքում տեղաշարժվում են։ Հաստատուն մագնիսական դաշտը մոտավորապես կարելի է փոխարինել դիպոլի (իդեալականացված համակարգ էլեկտրադինամիկայում)։ Երկրի պտտման առանցքի հետ կազմած անկյունը հավասար է 11.5°։ Փոփոխական դաշտը պայմանավորված է Երկրի մակերևույթի և նրան հարող մթնոլորտի շերտերի նկատմամբ արեգակնային գործունեությամբ։ Արեգակնային քամու ճնշումը Երկրի մագնիսական դաշտի վրա սեղմում է դաշտը Երկրի ցերեկային մասում և ձգում այն գիշերային մասում ՝ առաջացնելով երևակայական «պոչ»: Ստացված դաշտի ձևը կարելի է համեմատել առվակի մեջ քարի շուրջ հոսող ջրի տեսքի հետ: Երկրի ցերեկային հատվածում մագնիսական դաշտի ազդեցությունը տարածվում է 60-70 հազար կմ-ի սահմաններում, իսկ գիշերային մասում դաշտը ձգվում է մի քանի հարյուր հազար կիլոմետրեր։
Գեոմագնիսական դաշտը որոշ կենդանիների՝ թռչունների, երկկենցաղների և սողունների համար հանդիսանում է կողմնորոշիչ՝ միգրացիոն ժամանակահատվածներում ճիշտ ուղղություն ընտրելու համար։
Նկարում ցույց է տրված գեոմագնիսական դաշտի տարածման մոտավոր սահմանները և աշխարհագրական ու մագնիսական բևեռների առանցքների աստիճանային տարբերությունը, որը կազմում է մոտ 11․5°։ Կողմնացույցի մագնիսական սլաքը, որը ցույց է տալիս հյուսիսը՝ վերաբերվում է մագնիսական միջօրեականի հյուսիսին։