AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ է բևեռափայլը

19/01/2024

Բնության մեջ հանդիպող առեղծվածային երևույթները միշտ հետաքրքրել են մարդկանց և այսօր հնարավորություն ունենք բացահայտելու դրանցից շատերը։
Ավրորան (բևեռափայլ) ևս պատկանում է այդ երևույթների շարքին։ Ավրորա Բորելիսը (Հյուսիսային լույսեր) և Ավրորա Ավստրալիսը (Հարավային լույսեր) հիմնականում հանդիպում են համապատասխանաբար Երկրի հյուսիսային և հարավային բևեռային շրջագծերի մոտ, սակայն կախված հզորությունից կարող են տարածվել դեպի հասարակածի ուղղությամբ։


Սա նույնպես սերտորեն կապված է արևի ակտիվության հետ։ Արեգակնային քամին հասնելով Երկրին՝ բախվում է գեոմագնիսական դաշտին և ուղղորդվում դեպի բևեռներ։ Ավելի պայծառ և գունագեղ բևեռափայլերը համապատասխանաբար ուղեկցվում են ավելի ուժեղ գեոմագնիսական տատանումներով։ Տեղ հասնելուն պես արևային քամու պարունակության մեջ առկա էլեկտրոնները Երկրի վերնոլորտում բախվում են թթվածնի և ազոտի ատոմներին ու մոլեկուլներին։ Հետզհետե նվազող ջերմության արդյունքում անջատվող մեծ էներգիան արտահայտվում է լույսի տեսքով և կրկնվում տարբեր հաճախականությամբ։ Հենց այդ լուսային «սիմֆոնիան» անվանում են բևեռափայլ։
Բևեռափայլերն արձակում են տարբեր երկարության լուսային ալիքներ։
Հաճախակի հանդիպող լույսը կանաչն է, քանի որ թթվածնի մոլեկուլներին և ատոմներին կանաչ լուսարձակման համար անհրաժեշտ է էլեկտրոնների ավելի քիչ քանակություն, նկատվում է մոտ 120-400կմ բարձրություններում։
Կարմիր լույսն առաջանում է թթվածնի ավելի քիչ խտության պայմաններում՝ մոտ 300 կմ և ավելի բարձրություններում, իսկ մանուշակագույն լույսն առաջանում է միայն ազոտի էլեկտրականացումից։
Արբանյակները բևեռափայլեր ֆիքսել են նաև Արեգակնային համակարգի այն մոլորակներում, որոնք ունեն զգալի գեոմագնիսական դաշտ և մթնոլորտ։ Օրինակ՝ Սատուրնի, Յուպիտերի, Ուրանի և Նեպտունի բևեռներում նկատվել են բավականաչափ մեծ մասշտաբային բևեռափայլեր։