AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

30/12/2023

Հարգելի՛ գործընկերներ,
մոտենում ենք 2023 թվականի ավարտին՝ ամփոփելով արդյունքներ և մեզ հետ տանելով անգնահատելի փորձ և գիտելիքներ դեպի 2024 թվական։ 
2023 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության և միջազգային գործընկերների աջակցությամբ մենք մեծ աշխատանք ենք կատարել և Հայհիդրոմետն արդեն իսկ ավարտում է այս տարին բեկումնային իրադարձություններով, որոնք դարձել են քրտնաջան աշխատանքի և կամքի ուժի օրինակ: Մենք ոչ միայն կատարել ենք բոլոր հանձնարարված խնդիրներն, այլև վստահորեն ճանապարհ հարթել մեր կազմակերպության հետագա զարգացման համար։
Վստահորեն կարող եմ ասել, որ Հայհիդրոմետի կոլեկտիվի միասնության և համախմբվածության, համառ աշխատանքի շնորհիվ 2024 թվականին մենք կունենանք ավելի մեծ ​​նվաճումներ և մեր կազմակերպությամբ հպարտանալու առիթներ։
Հիշելով 2023 թվականի ամենանշանակալի իրադարձությունները` ես կցանկանայի նշել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին ներկայացված «ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ին Հայաստանի Առաջին երկամյա թափանցիկության զեկույցի և Հինգերորդ ազգային հաղորդագրության և Հայաստանի երկրորդ երկամյա թափանցիկության զեկույցի մշակում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի փաստաթղթի հաստատումը, որով շրջակա միջավայրի նախարարության համաձայնությամբ, Հայհիդրոմետը հանդես է գալու որպես իրականացնող գործընկեր:
​Ոչ պակաս կարևոր իրադարձություններ էին․
ՀՀ կառավարության կողմից տրամադրված 200 մլն ՀՀ դրամ աջակցությամբ 9 ավտոմատ օդերևութաբանական կայանների, հողի խոնավության և ջերմաստիճանի, ձնածածկույթի խտության չափման 23-ական և այլ օդերևութաբանական տարրերի չափման թվով 38 տվիչների ձեռքբերում։
Սևանա լճի ջրի որակի ամսական համալիր դիտարկումների իրականացման ֆինանսավորման  ներառում 2024 թվականի պետական բյուջեում (60 մլն ՀՀ դրամ)։
Մթնոլորտային օդի որակի 2 ավտոմատ դիտակայանի արդիականացման ֆինանսավորման  ներառում 2024 թվականի պետական բյուջեում (300 մլն ՀՀ դրամ)։
Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ ՄԱԶԾ-ի կողմից իրականացված «Աջակցություն Հայաստանում կլիմայական ռիսկերի դիմակայունությանն ուղղված ազգային ներդրումներին» ծրագրի շրջանակներում 11 ավտոմատ օդերևութաբանական կայանների ձեռքբերում, համապատասխան ծրագրային ապահովմամբ արբանյակային համակարգի ներդնում՝ METEOSAT նոր սերունդի արբանյակից ավելի ծավալուն հիդրոօդերևութաբանական տեղեկատվության ստացման հնարավորությամբ, հիդրոօդերևութաբանական և շրջակա միջավայրի մոնիթորինգի տվյալների միասնական կառավարման համակարգի և բջջային հավելվածի ստեղծում։
EU4Sevan ծրագրի շրջանակներում Սևանա լճի և ջրհավաք ավազանի գետերի հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգի տեխնիկական կարողությունների զարգացում (Mitsubishi L200 ամենագնաց մեքենա, լաբորատոր սառնարանի, ձեռքի բազմապարամետր և թթվածնային չափիչ սարքերի և վակուումային չորանոցի ձեռքբերում)։
Միջլաբորատոր միջազգային ստուգաճշտումների մասնակցություն և ճշգրտությունը հավաստող վկայականների ստացում, լաբորատորիայի միջազգային ԻՍՕ 17025 պահանջների համաձայն հավատարմագրման փաթեթի մշակում և Հավատարմագրման ազգային մարմին ներկայացում,
Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ (ամենագնաց ավտոմեքենա, ավելի քան 16,0 մլն ՀՀ դրամի գիտահետազոտական դրամաշնորհային ծրագիր) կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի զարգացում։
Սնդիկի փորձարկումների տեխնիկական կարողությունների զարգացման համար՝ Մինամատայի կոնվեցիայով ստանձնած ՀՀ պարտավորությունների աջակցության նպատակով սնդիկի անալիզատորի ստացում։
Գլոբալ Ջրային Համագործակցության և Վիշեգրադ հիմնադրամի հետ համատեղ երաշտի տեղեկատվական Հայկական հարթակի ստեղծում։
Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակներում անտառների ազգային մոնիթորինգի և անտառների ազգային գույքագրման համակարգի հիմնում։
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում «Արդյունաբերական գործընթացներ և արտադրանքի օգտագործում», «Հողօգտագործում, հողօգտագործման փոփոխություն և անտառտնտեսություն», «Թափոններ» ոլորտների Ջերմոցային գազերի արտանետումների հաշվետվության կազմում։
Շինարարական կլիմայաբանություն» շինարարական նորմերի վերանայված փաստաթղթի մշակում։
2022 թվականի համեմատ ձեռնարկատիրական գործունեությունից ծառայությունների մատուցման գումարի մուտքերի աճ մոտ 28%-ով,
և մի շարք այլ ձեռք բերումներ։
Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալ եմ կատարված աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի, մասնագիտության հանդեպ սիրո և պատասխանատվության համար։
Հայհիդրոմետի ողջ կոլեկտիվին ցանկանում եմ խաղաղություն, քաջառողջություն, բարեկեցություն և 2024 թվականին նախատեսված բոլոր նպատակների իրականացում։ Վստահ եմ 2024 թվականը լինելու է  Հայհիդրոմետի ինովացիոն փոփոխությունների տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։