AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Սեմինար ուղղված Քիմիական նյութերի և թափոնների արդյունավետ կառավարմանը

16/08/2023

Օգոստոսի 15-ին տեղի է ունեցել «Քիմիական նյութերի և թափոնների արդյունավետ կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային կարողությունների զարգացում՝ Ստոկհոլմի, Բազելի, Ռոտերդամի, Մինամատայի կոնվենցիաների և քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցումների /SAICM/ իրագործման նպատակով» ծրագրի ներածական սեմինարը, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի («Հայհիդրոմետ» ՊՈԱԿ) տնօրեն Լևոն Ազիզյանը, ծրագրի ազգային համակարգող, շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Անահիտ Ալեքսանդրյանը, ծրագրի ղեկավար խորհրդի անդամները և ծրագրի ոլորտին առնչվող մասնագետները։
Բացման խոսքով հանդես եկավ  Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը՝ նշելով, որ քիմիական նյութերի արդյունավետ կառավարման և թափոնների գործածության համար կարևոր հայեցակետ է հանդիսանում միասնական գործունեության համակարգի մշակման անհրաժեշտությունը, որը ընդգրկում է քիմիական նյութերի և թափոնների գործածության բոլոր փուլերը` ներառյալ դրանց արտադրությունը, արտահանումը, ներկրումը, պահումը, փոխադրումը, տեղաբաշխումը, օգտագործումը և հեռացումը:
Իր ողջույնի խոսքում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետության բոլոր ռազմավարական, բնապահպանական և առողջապահական ծրագրերի հիմքում ընկած են քիմիական նյութերի և թափոնների անվտանգ կառավարման սկզբունքները և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը, որպես ծրագրի իրականացնող կառույց, հետամուտ կլինի ծրագրի նպատակի իրականացմանը. այն է՝ աջակցել ազգային մակարդակով երկրների ինստիտուցիոնալ հզորացմանը՝ քիմիական նյութերի և թափոնների համահունչ կառավարման ֆինանսավորման ինտեգրված մոտեցման համատեքստում։
Քննարկման ընթացքում ծրագրի ազգային համակարգող Ա. Ալեքսանդրյանը ներկայացրեց ծրագրի նպատակը և խնդիրները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները։ 
Հանդիպման ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մերի Հարությունյանը ներկայացրեց Հայաստանում Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման գործընթացը, պլաստիկ աղտոտման նվազեցմանն ուղղված միջազգային և ազգային գործընթացները։
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի ներկայացուցիչներ Ելենա Մանվելյանը և Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեցին ՀԿ-ի ներգրավվածությունը քիմիական նյութերի և թափոնների կառավարման ոլորտում։
Հանդիպումը եզրափակվեց կլոր սեղան քննարկմամբ։