AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Քննարկվել է Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի հարցը

27/07/2023

Նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Օրհուս կենտրոնների իրավական կարգավիճակի, հնարավոր վերագործարկման և դրանց գործունեությունը առավել նպատակային ու շարունակական դարձնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումների ժամանակ  որոշում էր կայացվել  ձևավորել աշխատանքային խումբ, որը կարճ ժամանակում կհավաքագրի, կվերլուծի և կներկայացնի կենտրոնների իրավական կարգավիճակի մասին շահագրգիռ կողմերի կարծիքները։
Նախարարության իրավախորհրդատու, Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը զեկույցի տեսքով ներկայացրել է աշխատանքային խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունները և ամփոփ կարծիքները։
Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է Օրհուսի կոնվենցիայի վավերացմամբ մեր երկրի կողմից ստանձնած պարտավորություները և դրա համատեքստում Օրհուս կենտրոնների գործունեությանն ու դրանց պոտենցիալի արդյունավետ իրացման հնարավորությունները՝ հատկապես շեշտադրելով կենտրոնների ինստիտուցիոնալ կայացման անհրաժեշտությունը։
Օրհուս կենտրոնները կարևոր են Կառավարություն-հասարակություն հարաբերությունների շղթայում ժողովրդավարական արժեքների ամրապնդման, հանրության պատշաճ իրազեկման ու բնապահպանական օրենսդրության մշակման գործընթացներում առավել մեծ հանրային ներգրավվածություն ապահովելու համար։
Աշխատանքային  խմբի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ մանրամասներ առաջիկայում կներկայացվեն նաև շահագրգիռ կողմերին։