AM RU EN

Պոլիքլորացված բիֆենիլներ

Կայացել է Ստոկհոլմի կոնվենցիայի կարգավորման տակ գտնվող պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ների) ծրագրի իրականացման ներածական սեմինար

23/05/2019

2019թ.-ի մայիսի 23-ին կայացավ «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի շրջանակներում իրականացվող «ՕՇՔՆ-ների (օզոնային շերտը քայքայող նյութերի) և ԿՕԱ-ների (կայուն օրգանական աղտոտիչների) հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագիրն Ուկրաինայում, Բելառուսում, Ղազախստանում և Հայաստանում» ծրագրի ներածական սեմինարը, որին մասնակցեցին շահագրգիռ գերատեսչությունների, էներգետիկ համակարգի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ծրագիրն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՕ) հետ համատեղ՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Հայաստանի Հանրապետությունը ծրագրին մասնակցում է միայն  Ստոկհոլմի կոնվենցիայի կարգավորման տակ գտնվող պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ների) մասով։
Սեմինարին բացման խոսքով հանդես եկավ բնապահպանության նախարարի առաջին  տեղակալ Իրինա Ղափլանյանը։ Միջոցառման ընթացքում ՅՈՒՆԻԴՕ-ի ծրագրի կառավարիչ Կլաուս Տիռկոն ներկայացրեց պոլիքլորացված բիֆենիլների կառավարման վերաբերյալ միջազգային փորձը։
Հայաստանի Հանրապետությունը 2003 թվականի հոկտեմբերի 22-ին վավերացրել է Ստոկհոլմի կոնվենցիան, որով ստանձնել է մի շարք իրավական, վարչական և բնապահպանական պարտավորություններ, որոնց կատարումը պահանջում է բավականին ֆինանսական ներդրումներ:
Կայուն օրգանական աղտոտիչների հիմնախնդիրը ներկայումս խիստ արդիական է: Կայուն օրգանական աղտոտիչները տոքսիկանտներ են, որոնք քիմիական վտանգ են ներկայացնում մարդու առողջության, շրջակա միջավայրի և կենսաբանական ամբողջականության համար:
Դրանց մեծամասնությունն օժտված են բարձր թունունակությամբ և պատճառ են հանդիսանում մի շարք լուրջ հիվանդությունների:  Կայուն օրգանական աղտոտիչները տարածվում են օդային և ջրային զանգվածների միջոցով մեծ հեռավորությունների վրա, ընդգրկվում են սննդային շղթաների մեջ և կուտակվում  մարդու ու կենդանիների օրգանիզմներում:
 Համաձայն Ստոկհոլմի կոնվենցիայի դրույթների՝ կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ պետք է միջոցներ ձեռնարկի մինչև 2025 թվականը սարքավորումներում պոլիքլորացված  բիֆենիլների օգտագործումը դադարեցնելու, աղտոտված յուղերը և սարքավորումները վնասազերծելու կամ ոչնչացնելու համար։
Ծրագիրը կոչված է հաշվառելու, հայտնաբերելու, մակնշելու  և անալիզի ենթարկելու պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղերի 2000 նմուշ՝ դրանց հետագա վնասազերծման կամ ոչնչացման եղանակը որոշելու նպատակով։
Կոնվենցիայի Կողմ երկրները կարող են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերել յուղերի վնասազերծման սարքավորում։
 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուղերը հիմնականում գտնվում են շահագործվող սարքավորումներում,   Հայաստանի Հանրապետության համար արդիական է ՊՔԲ-ներից այդ յուղերի էկոլոգիապես անվտանգ վնասազերծումը համապատասխան մասնագիտացված սարքավորման միջոցով՝ դրանց հետագա երկրորդային օգտագործման համար: