AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կլիմայի և աղետներին դիմակայունության գերազանցության կենտրոնի ստեղծման մեկնարկը

15/10/2021

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը և ՄԱԿ -ի Աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակը հոկտեմբերի 13-ին նշել են Աղետների ռիսկերի նվազեցման միջազգային օրը՝ ազդարարելով Կլիմայի և աղետներին դիմակայունության գերազանցության կենտրոնի ստեղծման մեկնարկը:
Կենտրոնի ստեղծումը ամրապնդում է երկու կազմակերպությունների վաղեմի համագործակցությունը:
«Վերջին 50 տարիների ընթացքում գրանցվել է եղանակի, կլիմայի և ջրի հետ կապված վտանգների հինգ անգամ աճ: Տնտեսական կորուստները ևս աճել են: Լավ նորությունն այն է, որ վաղ նախազգուշացումների և աղետների կառավարման բարելավման շնորհիվ մահերի թիվը գրեթե երեք անգամ նվազել է: Կլիմայի և աղետներին դիմակայելու գերազանցության այս նոր կենտրոնը հանդես կգա որպես կլիմայի փոփոխության և եղանակային փոփոխությունների աճող ազդեցությունների մասին տեղեկատվական կենտրոն և ցույց կտա, թե ինչպես կարող ենք կառավարել և մեղմել սույն ռիսկերը»,-իր խոսքում նշել է ՀՕԿ գլխավոր քարտուղար պրոֆեսոր Տաալասը՝ հույս հայտնելով, որ Գերազանցության կենտրոնը կուժեղացնի ջանքերը՝ գիտականորեն հիմնավորված գիտելիքներն ու գործիքները գործողությունների փոխակերպելու գործում, որոնք կաջակցեն կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանը՝ հասարակության համար ունենալով կոնկրետ օգուտներ։
«Գերազանցության այս նոր կենտրոնը կկենտրոնացնի գիտական ներուժն այնպիսի հարցերի վրա, ինչպիսին է Երկիր մոլորակի եղանակային փոփոխությունների և այլ վտանգների տեսանելի ապագայում ամենօրյա կյանքի վրա հնարավոր ազդեցությունը, ինչպես նաև կակտիվացնի ջանքերը՝ նոր իրականությանը հարմարվելու գործում»,-իր խոսքում նշել է աղետների ռիսկերի նվազեցման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին։