AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 22-ը «Երկրի օրն» է

22/04/2021

Թող լինեն միայն խաղաղ և ուրախ օրեր մեր հրաշալի տիեզերանավի` Երկիր մոլորակի համար, որը կյանքի այնքան խոցելի բեռով պտտվում է սառը տիեզերքում». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Տան, 1971թ.

🌿 Այսօր «Երկրի օրն» է: Այն առաջին անգամ նշվել է 1970 թվականի ապրիլի 22-ին, երբ միլիոնավոր ամերիկացիներ դուրս եկան փողոցներ՝ աջակցություն հայտնելով բնապահպանական շարժումներին և պահանջելով մաքուր Երկրագունդ: Իսկ ահա Երկրի միջազգային օր հռչակվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ:

🌿 Երկրի օրվա հռչակումը մեծամասամբ կապված է եղել համաշխարհային բնակչության թվաքանակի աճի, քաղաքների սահմանների ընդլայնման, տրանսպորտի և արդյունաբերության ծավալների մեծացման, ջրի անխնա օգտագործման և այլ գործոններով պայմանավորված՝ մարդկության բացասական ներգործության հետ, որը հանգեցրել է շրջակա միջավայրի վրա անդառնալի հետևանքների։ Այս օրը ևս մեկ անգամ առիթ է մտածել այն բոլոր խնդիրների մասին, որոնք ծառացած են մարդկության առջև։

🌿 Մոլորակի տարբեր անկյուններում գրանցվող ամենօրյա տարերային աղետները (համաճարակ, երկրաշարժ, հրաբխի ժայթքում, սելավ, սողանք, ձնահոսք, ջրհեղեղ, հրդեհ, փոթորիկ, բուք, պտտահողմ, երաշտ, ցրտահարություն, վարարում) ևս մեկ անգամ փաստում են, որ մարդը բնության դեմ անզոր է և հարցի միակ լուծումը թերևս երկրագնդի վրա մարդկության բացասական ներգործությունը նվազագույնի հասցնելն է։
Խնամքով վերաբերվենք մեր Երկրին, որի վրա ապրում ենք։