AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Աշխատանքային քննարկում «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով

30/03/2021

🌳Մարտի 26-ին և 27-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի Ռուսաստանի դաշնության կողմից ֆինանսավորվող` «Անտառային հրդեհների կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատանքային քննարկմանը։

🔥 Հիմնական նպատակն էր ՀՀ անտառային գոտիների համար հրդեհավտանգության ռիսկերի գնահատումը և հրդեհավտանգության կանխատեսման մեթոդի արդարացման աստիճանի վերլուծությունը տարբեր կլիմայական գոտիներում:
Սեմինարի ընթացքում ներկայացվել են ՀՀ տարածքի տարբեր կլիմայական գոտիներում գտնվող անտառային գոտիների հրդեհավտանգության ռիսկերը, լեռնալանջերի դիրքադրության և ծառատեսակների տիպերի դերը այդ ռիսկերի առաջացման գործում։
Քննարկվել են հրդեհների առաջացման մարդածին և բնածին գործոնները, դրանց ռիսկերի նվազեցման հիմնական ուղիները։ Մեծ ուշադրություն է դարձվել հրդեհավտանգության աստիճանի կանխատեսման մեթոդներին, մանրամասն քննարկվել են այդ մեթոդների էությունը և ՀՀ տարածքի համար դրանց կիրառելիության առանձնահատկությունները։
Սեմինարի ընթացքում ներկայացվել է նաև ԱՏՀ և հեռազննման մեթոդների կիրառմամբ անտառների հրդեհավտանգավորության աստիճանի գնահատման և մոնիթորինգի իրականացման մոդելը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի օրինակով:
Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել կատարել հրդեհավտանգության կանխատեսման Նեստերովի մեթոդի ՀՀ տարածքի տարբեր անտառային գոտիների և կլիմայական պայմանների համար տեղայանացում։ Մեթոդի տեղայնացման համար հիմք են հանդիսանալու Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում առկա փաստացի օդերևութաբանական դիտարկումների երկարամյա տվյալները, ինչպես նաև արդեն գրանցված անտառային հրդեհների ժամանակ օդերևութաբանական իրադրության ուսումնասիրությունները։