AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում մեկնարկեց «Որակի կառավարման համակարգ կլիմայական ծառայությունների համար» (QMS) առցանց վերապատրաստման սեմինարը

24/03/2021

Մարտի 22-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում մեկնարկեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության  (այսուհետ՝ ՀՕԿ) աջակցությամբ իրականացնվող «Որակի կառավարման համակարգ կլիմայական ծառայությունների համար» (QMS) առցանց վերապատրաստման սեմինարը, որը կտևի մինչև ապրիլի 1-ը։
Առցանց վերապատրասման սեմինարը կազմակերպվել է Ավստրալիայի օդերևութաբանության բյուրոյի (BOM) և Գերմանիայի եղանակի ծառայության (DWD) կողմից:  Հարավային Աֆրիկայի եղանակի ծառայության (SAWS) փորձագետ Շառլոտա ՄաքԲրայդը նույնպես աջակցում է սեմինարի իրականացմանը՝ որպես դասընթացավար։
Սեմինարի նպատակն է  ՀՀ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությանը հնարավորություն տալ զարգացնելու իր կարողությունները թվինինգ մոտեցման ընդունմամբ՝ օգտագործելով այն ազգային օդերևութաբանական ու հիդրոլոգիական ծառայությունների գիտելիքն ու փորձը, որոնք հասել են ISO 9001:2015 սերտիֆիկացման՝ ISO 9001 շրջանակներում որակի կառավարման համակարգ մշակելու համար:
Բացի այդ,  սեմինարը շատ կարևոր է Կլիմայական ծառայությունների ազգային շրջանակի (ԿԾԱՇ) իրականացման գործընթացի համար, որը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մշակել է ՀՕԿ-ի, Համաշխարհային բանկի և Zoï բնապահպանական ցանցի հետ համատեղ՝ Կլիմայական ծառայությունների գլոբալ շրջանակի և Աղետների նվազեցման և վերականգնման գլոբալ գործիքի աջակցությամբ։
Սեմինարի աշխատանքային լեզուն անգլերենն է։
Սեմինարին մասնակցում են թվով 15 աշխատակիցներ, որոնցից 13-ը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից և 2-ը՝ «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ից։

Սեմինարին բացման խոսքով հանդես եկավ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը։ Վերջինս ընդգծեց սեմինարի կարևորությունը «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կարողությունների զարգացման գործում՝ միաժամանակ ՀՕԿ ներկայացուցիչներին, դասընթացավարներին, մասնակիցներին շնորհավորելով Ջրի և Օդերևութաբանության համաշխարհային օրերի կապակցութամբ։
Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայի եղանակի ծառայության ներկայացուցիչ Տոբիաս Ֆուքսը, Ավստրալիայի օդերևութաբանության բյուրոյի ներկայացուցիչ Հելեն Ցերոսը և Հարավային Աֆրիկայի եղանակի ծառայության ներկայացուցիչ Շառլոտա ՄաքԲրայդը:
Ներկաներին փոխանցվեց նաև ՀՕԿ կլիմայի ծառայության տնօրեն Մաքս Դիլլեյի ողջույն խոսքը։