23/04/2025
2024 թվականը դարձավ բեկումնային կլիմայական տարի Եվրոպայի համար։ Կոպեռնիկոս Կլիմայի Փոփոխության Ծառայության և Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության համատեղ հրապարակած «Եվրոպայի Կլիմայի Վիճակ 2024» զեկույցի համաձայն՝ անցած տարին ճանաչվել է ամենատաքը դիտարկումների ողջ պատմության մեջ՝ ընդգծելով կլիմայի փոփոխության ահագնացող հետևանքները։
Վերջին տասնամյակներում Եվրոպան տաքանում է գրեթե երկու անգամ ավելի արագ Երկրագնդի համեմատ։ Եթե աշխարհում օդի միջին ջերմաստիճանի աճը կազմում է +1.3 °C նախարդյունաբերական մակարդակի համեմատ, ապա Եվրոպայում այն արդեն հասել է +2.4°C-ի, իսկ Արկտիկայում՝ +3.3°C-ի։
2024 թվականին գրանցվել է ռեկորդային թվով ջերմային ալիքներ, երբ ջերմաստիճանը չի իջել 20°C-ից։ Հարավարևելյան Եվրոպայում արձանագրվել է պատմության մեջ ամենաերկար ջերմային ալիքը, որը տևել է մինչև 43 օր։ Ըստ կանխատեսումների՝ 1.5 °C գլոբալ տաքացման դեպքում Եվրոպայում տարեկան կարող է գրանցվել մինչև 30 000 մահ՝ ջերմային ալիքների հետևանքով։
2024 թվականը նաև աղետալի էր ջրհեղեղների առումով։ Արևմտյան Եվրոպան ունեցավ վերջին տասնամյակների ամենախոնավ տարիներից մեկը։ Սեպտեմբերին «Բորիս» փոթորիկի հետևանքով՝ 8 երկրում արձանագրվեց ջրհեղեղ, իսկ գետերի շուրջ 8500 կմ հատվածում հոսքերը կրկնեցին տարեկան առավելագույն ցուցանիշները։ Հոկտեմբերին Վալենսիայում մեկ օրվա ընթացքում տեղաց 771.8 մմ անձրև։ Ընդհանուր առմամբ՝ ջրհեղեղների հետևանքով մահացել է 335 մարդ, տուժել է ավելի քան 413 000 մարդ, իսկ ընդհանուր տնտեսական կորուստները գնահատվում են 18.2 միլիարդ եվրո։
2024 թվականը ռեկորդային էր նաև սառցադաշտերի հալման առումով։ Սկանդինավիայի և Սվալբարդի սառցադաշտերն ունեցան իրենց պատմության մեջ ամենամեծ տարեկան հալքը՝ դառնալով աշխարհի ամենախոցելի սառցադաշտային շրջանները։ Միջերկրական ծովի և Եվրոպական լճերի ջերմաստիճանները հասել են ռեկորդային բարձր ցուցանիշների։
Կլիմայի փոփոխության պայմաններում եվրոպական քաղաքները սկսել են ակտիվ հարմարվողականության ծրագրեր իրականացնել։ Օրինակ՝ Փարիզում տնկվում են ծառեր և ընդլայնվում են կանաչ տարածքները՝ հովացման համար, Գլազգոյում ներդրվում են վաղ նախազգուշացման համակարգեր և համայնքային ջրհեղեղներին դիմակայելու համակարգեր, Միլանում իրականացվում է կանաչ ենթակառուցվածքների ընդլայնում և կլիմայական ապաստարանների ստեղծում։
«Եվրոպայի Կլիմայի Վիճակ 2024» զեկույցը հստակ ազդակ է՝ կլիմայական ճգնաժամը արդեն իրականություն է։ Եվրոպան, որպես աշխարհի ամենաարագ տաքացող աշխարհամաս, կանգնած է ոչ միայն կլիմայի փոփոխության հարմարվողականության առջև, այլև համապարփակ կլիմայական քաղաքականության մշակման հրամայականի առաջ։