21/04/2025
Հայաստանում դասակարգման և մակնշման գլոբալ ներդաշնակեցված համակարգի (ԳՆՀ) ներդրման պարտավորությունների ընդլայնում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել «ԳՆՀ ճանապարհային քարտեզի» նախագծի ներկայացում և իրականացման գործողությունների քննարկում» խորագրով աշխատաժողով։
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի ուսուցման և գիտահետազոտական ինստիտուտի (ՅՈՒՆԻՏԱՐ) և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
ԳՆՀ-ն քիմիական նյութերի և խառնուրդների դասակարգման և մակնշման միջազգային համակարգ է, որը հանդիսանում է քիմիական նյութերի անվտանգ կառավարումն ապահովելու ամենահիմնարար գործիքներից մեկը։
Աշխատաժողովին մասնակցել են մի շարք գերատեսչությունների՝ շրջակա միջավայրի, առողջապահության, Էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, մաքսային ծառայության, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, բնապահպանության և ընդերքի, առողջապահության և աշխատանքի, սննդամթերքի անվտանգության, շուկայի վերահսկողության և քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների, Էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի, վիճակագրական կոմիտեի ու հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
Աշխատաժողովի ընթացքում ՅՈՒՆԻՏԱՐ-ի փորձագետների կողմից ներկայացվել է այլ երկրների փորձը համակարգի ներդրման և ճանապարհային քարտեզի մշակման վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են Հայաստանի ԳՆՀ-ի ճանապարհային քարտեզի մշակված նախագիծը և դրա իրականացման գործողությունները։
Քիմիական նյութերի դասակարգման և մակնշման գլոբալ ներդաշնակեցված համակարգի ներդրումը ՀՀ-ում կարևորվում է այն հանգամանքով, որ այն ընդգրկված է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում։