ԼՐԱՀՈՍ

Քննարկվել են արդյունաբերական նշանակության քիմիական նյութերի գործածության խնդիրները

2018-10-17

Ծաղկաձորում տեղի  է ունեցել «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի, «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի և «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիաների քարտուղարության կազմակերպած՝ արդյունաբերական նշանակության քիմիական նյութերի գործածության (ներկրում, օգտագործում, պահում, փոխադրում և հեռացում) կառավարմանն աջակցելու նպատակով վերապատրաստման և կարողությունների զարգացման աշխատաժողով։
  Միջոցառմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջազգային փորձագետները մասնակիցներին ներկայացրել են զեկույցներ քիմիական նյութերի վտանգավոր հատկությունների և ռիսկերի բացահայտման, նրանց շուկայահանման վերաբերյալ իրազեկված որոշումների կայացման, արգելքների և սահմանափակումների գործադրման, անվտանգ օգտագործման պահանջների/չափորոշիչների սահմանման վերաբերյալ։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմները, որոնք առկա են քիմիական նյութերի և թափոնների կառավարման համար՝ հաշվի առնելով Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների իրականացման համապատասխան դրույթները, ինչպես նաև ծառացած հիմնական մարտահրավերները: 
Մասնակիցները փոխանակվել են նախարարությունների միջև համագործակցության առկա մեխանիզմների վերաբերյալ տեղեկատվությամբ և փորձով, ինչպես նաև նախանշվել են այն ոլորտները, որտեղ հնարավոր է մարտահրավերներ ունենալ, և դրանց հաղթահարման մեխանիզմները: