AM RU EN

BAT/BEP

Ամփոփվել են բնապահպանական հերթական ծրագրի շրջանակներում արձանագրված արդյունքները

21/12/2018

Տեղի է ունեցել «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն տնտեսական գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի ավարտական աշխատաժողովը: Ծրագրի բաղադրիչներից մեկով Արարատ քաղաքի աղբավայրում կենցաղային թափոնների տեսակավորման ենթակառուցվածքներ են ստեղծվել։
Ծրագիրն իրականացրել է Բնապահպանության նախարարությունը՝ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՕ) հետ համատեղ և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Աշխատաժողովին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, գիտությունների ազգային ակադեմիայի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Բացման խոսքով հանդես է եկել բնապահպանության նախարարի տեղակալ Ա. Ղազարյանը, ով կարևորել է դիօքսինների և ֆուրանների արտանետումների կրճատումն աղբավայրերում թափոնների, դաշտերում կենսազանգվածի այրումից և անտառային հրդեհներից։
ՅՈՒՆԻԴՕ-ի ծրագրի ղեկավար Կարմելա Սենտենոն նշել է, որ բնապահպանության նախարարության կողմից բարեհաջող իրականացված պիլոտային ծրագիրն օրինակ կծառայի ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի երկրների համար։
Ծրագրի ազգային համակարգող, բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանը ներկայացրել է իրականացված գործողությունները՝ օրենսդրության մշակումը, ռիսկերի գնահատումը, Արարատի աղբավայրի բարեկարգման աշխատանքների արդյունքները։
Աշխատաժողովի մասնակիցների կողմից առաջարկվել է նմանատիպ ծրագրեր իրականացնել նաև հանրապետության այլ շրջաններում։