AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում՝ մասնակցելու «Վաղ նախազգուշացումներ բոլորի համար» (Early Warnings for All – EW4All) նախաձեռնությանը նվիրված բարձր մակարդակի միջոցառմանը, Համաշխարհային օդերևութաբանական կոնգրեսի արտահերթ նստաշրջանին և Գործադիր խորհրդի արտահերթ նստաշրջանին` դիտորդի կարգավիճակով։

Կոնգրեսի աշխատանքները կենտրոնացած էին «Վաղ նախազգուշացումներ բոլորի համար» (Early Warnings for All – EW4All) նախաձեռնության իրականացման վրա, ինչպես նաև հիդրոօդերևութաբանության ոլորտում նոր տեխնոլոգիաների՝ այդ թվում արհեստական բանականության ինտեգրման հնարավորությունների շուրջ։Քննարկվել են նաև ջերմոցային գազերի դիտարկման գլոբալ համակարգի (G3W) և կանխատեսման ինտեգրված համակարգի (WIPPS) զարգացման ռազմավարական ուղղությունները։ Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որը շեշտել է վաղ նախազգուշացման համակարգերի կենսական նշանակությունը՝ մարդկանց կյանքերի և տնտեսությունների պաշտպանության գործում։

Կոնգրեսի շրջանակում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը (Հայհիդրոմետ) ստորագրել է երեք միջազգային համագործակցության հուշագիր․

Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի «Տաջիկհիդրոմետ» գործակալության հետ՝ փորձի փոխանակման, վաղ նախազգուշացման համակարգերի զարգացման և հիդրոլոգիական մոդելավորման ուղղություններով,

Ֆինլանդիայի Օդերևութաբանական ինստիտուտի (FMI) հետ՝ կլիմայական ծառայությունների, օդի որակի մոնիթորինգի և կանխատեսման համակարգերի զարգացման ուղղությամբ,

Ավստրիայի երկրաբանության, երկրաֆիզիկայի, կլիմայագիտության և օդերևութաբանության դաշնային ինստիտուտի (GeoSphere Austria)՝ դիտարկման և կանխատեսման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ու մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։

Այս համագործակցությունները նոր հնարավորություններ են բացում Հայաստանի համար՝ հիդրոօդերևութաբանական ծառայությունների արդիականացման, կլիմայական ռիսկերի կառավարման և միջազգային ֆինանսական աջակցության ներգրավման ուղղությամբ։

Հայաստանը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին (SEE-MHEWS-A), որը միավորում է 20 երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայություններ։ Այս կարևոր քայլը նպատակ ունի խորացնել տարածաշրջանային համագործակցությունը և բարձրացնել վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման կարողությունները։

Բացի այդ, Լևոն Ազիզյանը և Վալենտինա Գրիգորյանը մասնակցել են «Վաղ նախազգուշացումներ բոլորի համար» (EW4All) նախաձեռնության Հարավային Կովկասի տարածաշրջանային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել տվյալների փոխանակման, հիդրոլոգիական ռիսկերի կանխատեսման և կլիմայական ֆինանսավորման նոր հնարավորություններին։

🇦🇲 «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ակտիվ մասնակցությունը և ստորագրված նոր համաձայնագրերը վկայում են կազմակերպության պատրաստակամության մասին՝ ներդնելու նորարարական տեխնոլոգիաներ, ամրապնդելու միջազգային գործընկերությունը և բարձրացնելու բնակչության անվտանգությունը՝ կլիմայական և բնական վտանգների պայմաններում։