05/12/2025
2025 թվականի դեկտեմբերի 4-ին «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի շրջանակներում կայացած Հայաստանի ջրային ոլորտում ազգային քաղաքականության երկխոսության խորհրդատվական միջգերատեսչական հանձնաժողովի 23-րդ հանդիպման ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ) և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի (այսուհետ՝ «NEA») միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվության փոխանակման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը։
Փոխըմբռնման հուշագիրը կնքվեց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի և «NEA»-ի տնօրեն Ելենե Ղուբիանուրիի կողմից։
Ստորագրման արարողությանը մասնակցում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը, Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության քաղաքականության վարչության պետի տեղակալ Մայա Ջավախիշվիլին, «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի տեղական ներկայացուցիչ Վահագն Տոնոյանն, ինչպես նաև «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և «NEA»-ի այլ ներկայացուցիչներ։
Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցության, Խրամի-Դեբեդ գետավազանի արդյունավետ կառավարման, ինչպես նաև 2025 թվականի հունիսի 24-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և «NEA»-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի և համատեղ գործողությունների ծրագրի շարունակական հաջող ընթացքն ապահովելու տեսանակյունից։
Խրամի-Դեբեդ գետավազանի համատեղ մոնիթորինգը հնարավորություն կտա վաղ հայտնաբերել ջրի որակի և հիդրոլոգիական ռեժիմի փոփոխությունները, աղտոտման աղբյուրները և պատճառները, ինչպես նաև գնահատել դրանց ազդեցությունը գետի ընդհանուր էկոլոգիական վիճակի վրա։
Սա կարևոր հիմք կդառնա մոնիթորինգային վստահելի տվյալների վրա հիմնված կառավարման արդյունավետ միջոցառումների պլանավորման համար։
Հայ-վրացական համատեղ մոնիթորինգի ծրագիրը կնպաստի երկու երկրների միջև մոնիթորինգի դիտացանցերի, դաշտային չափումների և լաբորատոր փորձարկումների մեթոդաբանությունների ներդաշնակեցմանը, տվյալների համադրելիության բարձրացմանը, ինչպես նաև տվյալների փոխանակման տեխնիկական ձևաչափերն։
