AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2025 թվականի հունիսի 2-4-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացել է Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ հարթակի (GP2025) ութերորդ բարձրաստիճան նստաշրջանը

10/06/2025

Նստաշրջանի միջոցառումների մաս էր հանդիսանում «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնությանը նվիրված գլոբալ բազմաշահառու երկօրյա ֆորումը, որի նպատակն էր արագացնել վաղ նախազգուշացման համակարգերի ներդրումը։ 
Ֆորումի բացման նիստում նշվել է, որ արդեն 108 երկիր հայտարարել են բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման համակարգերի ձեռքբերման մասին։ 

Ֆորումի ժամանակ ընդգծվել է վաղ նախազգուշացման համակարգերում մարդակենտրոն մոտեցումների կենսական կարևորությունը, ռիսկի ենթակա համայնքների ու ոլորտների նախազգուշացման համակարգերի համատեղ մշակումն և համատեղ տնօրինումը, նորարարությունը, համագործակցությունների ձևավորումը և առաջընթացի ուղին։

Ֆորումին մասնակցել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ հարթակի (GP2025) ութերորդ բարձրաստիճան նստաշրջանի ժամանակ Լևոն Ազիզյանը հանդիպումներ է ունեցել մի շարք գործիչների հետ, քննարկել՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ տարբեր նախաձեռնությունների շրջանակներում հնարավոր համագործակցությունները և դրանց ընդլայնումը։

Ավստրիայի երկրաբանության, երկրաֆիզիկայի, կլիմայագիտության և օդերևութաբանության ազգային ծառայության՝ «GeoSphere Austria»-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Կոռնելիա Ռադիկսի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «GeoSphere Austria»-ի փոխընբռնման հուշագրի կնքումը: 

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոյի հետ հանդիպման ժամանակ վերջինս հաստատել է իր և ՀՕԿ-ի պատրասկամությունն աջակցել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ին «Վաղ նախազգուշացում բոլորի համար» ճանապարհայի քարտեզի պատրաստմանը։

Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ հարթակի (GP2025) ութերորդ բարձրաստիճան նստաշրջանի ընթացքում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հանդիպել է ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի (UNDRR) պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ներքին գործերի Նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ կրթահամալիրի պրոռեկտոր, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող Արմինե Հայրապետյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության խորհրդական Նունե Զաստուխովան և այլք։

Լևոն Ազիզյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. տիկին Հասմիկ Տոլմաջյանի հետ։ Վերջինս հաստատել է իր աջակցությունը վաղ նախազգուշացում բոլորի համար ծրագրի շրջանակներում Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ավելի ակտիվ համագործակցությանը։ Ինչպես նաև «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից տիկին դեսպանին է ներկայացվել ձյան և ձնահյուսքերի համալիր մոնիթորինգի համակարգի ստեղծման անհրաժեշտությունը։
Տիկին Հասմիկ Տոլմաջյանին ներկայացվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի՝ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեությանն առնչվող շրջանակը։