24/03/2025
Օդերևութաբանների խավարոտ կանխատեսումներն իրականանում են։ Մեր կլիման տաքանում է։ Վերջին տասը տարիներից յուրաքանչյուրը հանդիսացավ ռեկորդային տաք դիտարկումների ողջ պատմության մեջ։ Օվկիանոսի ջերմաստիճանը ռեկորդներ է սահմանում, և յուրաքանչյուր երկիր զգում է այս ամենի հետևանքները՝ լինի դա հրդեհների , ջրհեղեղների կամ աննախադեպ փոթորիկների տեսքով։
Այս տարվա Օդերևութաբանի համաշխարհային օրվա թեման՝ «Միասին հաղթահարելով վաղ նախազգուշացման բացերը», հիշեցնում է մեզ, որ նոր կլիմայական իրականությունում վաղ նախազգուշացման համակարգերը շքեղություն չեն։ Դրանք անհրաժեշտություն են և խելամիտ ներդրում՝ ապահովելով գրեթե տասնապատիկ ավելի եկամուտ։
Այնուամենայնիվ, աշխարհի երկրների գրեթե կեսը դեռևս չի օգտվում այս՝ կյանքեր փրկող համակարգերից։ Անընդունելի է, որ թվային տեխնոլոգիաների դարում մարդիկ շարունակում են կորցնել իրենց կյանքը և կենսապահովման միջոցները, քանի որ չունեն հասանելիություն արդյունավետ վաղ նախազգուշացման համակարգերին։
ՄԱԿ-ի «Վաղ նախազգուշացումներ բոլորի համար» նախաձեռնության նպատակն է մինչև 2027 թվականը ապահովել, որ յուրաքանչյուր մարդ աշխարհի ցանկացած կետում պաշտպանված լինի նախազգուշացման համակարգով։
Աշխարհը պետք է միավորվի և անհապաղ խթանի գործողություններն ու ներդրումները՝ այս նպատակը կյանքի կոչելու համար։
Պետք է բարձր մակարդակի քաղաքական աջակցություն ապահովել այս նախաձեռնության համար՝ խթանելով համագործակցությունը կառավարությունների, բիզնեսների և համայնքների միջև, ինչպես նաև մեծացնելով ֆինանսական աջակցությունը։ Շատ կարևոր է Բազմակողմանի զարգացման բանկերի վարկային հնարավորությունների ընդլայնումը։
Անցած տարի ընդունված «Ապագայի դաշնագիրը» կարևոր քայլ էր, որը պետք է ամբողջությամբ իրականացվի, ինչպես նաև Կողմերի Կոնֆերանսի՝ «COP29»-ի ֆինանսական արդյունքները։
Միևնույն ժամանակ, մենք պետք է խորացնենք ջանքերը կլիմայի ճգնաժամը կանխելու համար՝ արագ և հիմնովին կրճատելով ջերմոցային գազերի արտանետումները ՝ դրանով իսկ կանխելով իրավիճակի աներևակայելի վատթարացումը։
Այս տարի բոլոր երկրները պետք է կատարեն իրենց խոստումը՝ ներկայացնելով նոր կլիմայական գործողությունների ազգային ծրագրեր, որոնք համահունչ են գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1.5°C-ով սահմանափակելու նպատակին։
Կլիմայական աղետների դարաշրջանում յուրաքանչյուր մարդ պետք է պաշտպանված լինի վաղ նախազգուշացման համակարգով ՝ հանուն արդարության։
Եկե՛ք միասին իրականություն դարձնենք այս նպատակը։