AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հարթակի և Վաղ ազդարարումը շահագրգիռ բոլոր կողմերի համար» ֆորում Բուդվայում, որին մասնակցել է ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը

19/11/2024

Նոյեմբերի 6-8-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում մասնակցել է «Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային հարթակի և Վաղ ազդարարումը շահագրգիռ բոլոր կողմերի (EW4All) համար» ֆորումին։

Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 2024 թվականի տարածաշրջանային հարթակին մասնակցել են ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ, շուրջ 73 կազմակերպություններ, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կառույցներ, տարածաշրջանային միավորումներ, տեղական և միջկառավարական կազմակերպություններ, զարգացման միջազգային կառույցներ:

Միջոցառման ընթացքում քննարկվել է Վաղ նախազգուշացման համակարգի հիմնարար դերը, ներկայացվել անդամ պետությունների լավագույն փորձը՝ նպատակ ունենալով նպաստել բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման համակարգի /MHEWS/ զարգացմանը՝ գործընկերային հարաբերությունների հաստատման միջոցով։ Քննարկվել են նաև ոլորտի նորարարական մոտեցումները, որոնց միջոցով հնարավոր կլինի վաղ նախազգուշացման համակարգերը դարձնել ավելի արդյունավետ և ներառական՝ ընդգրկելով բոլորի շահերը։

Միջոցառման ընթացքում Լևոն Ազիզյանը հանդիպումներ է ունեցել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, տարբեր երկրների հիդրոօդերևութաբանության ազգային ծառայությունների ներկայացուցիչների հետ։ 
Վերոնշյալ հանդիպումների ընթացքում քննարկվել են վաղ նախազգուշացման համակարգերի բարելավման մարտահրավերները, հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի ուղղությամբ երկկողմանի և բազմակողմանի համագործակցության զարգացման հնարավորությունները:

Կազմակերպվել է այցելություն Ուլցին անտառապատման տարածք, որտեղ իրականացվում է JICA նախագիծը: Նախագիծն ուղղված է անտառների վերականգմանը՝ էկոհամակարգային մոտեցմամբ։ 2022-2023 թվականներին Ուլցին անտառապատման տարածքում տնկվել են 6300 սոճիների սածիլներ: Նախագծի նպատակը Ուլցինում սոճիների անտառի վերականգնումն է, որը ճանաչված է որպես կարևոր էկոլոգիական և տուրիստական տարածք: Այցի ընթացքում մասնակիցների կողմից իրականացվել է ծառատունկ:


>