AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՕԿ կամավորության համագործակցության ծրագրի շրջանակներում այցեր «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումներ

24/09/2024

ՀՕԿ կամավորության համագործակցության ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նպաստել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր կառուցվածքի մշակմանը, սեպտեմբերի 16-21-ը Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի միջազգային նախագծերի, փորձագիտական ծառայությունների խմբի ղեկավար պարոն Մատի Էերիկինենը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի համակարգող տիկին Սարի Լապին աշխատանքային այցով եղել են «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումներում, հանդիպել ղեկավար կազմի հետ, ծանոթացել գործունեությանը, ինչպես նաև հանդիպել գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի հետ փոխշահավետ համագործակցության բարելավման և մասնագիտացված ծառայությունների ուղղությունները։
 
Սեպտեմբերի 17-ին ՀՕԿ փորձագետները այցելել են Երևանի աերոլոգիական կայան, այնուհետև «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա։ Տեղում ծանոթացել են լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին և առկա խնդիրներին։

Սեպտեմբերի 17-ին ՀՕԿ փորձագետներ Մատի Էերիկինենը և տիկին Սարի Լապին այցելել են Էկոնոմիակայի նախարարության բուսաբուծության վարչություն, հանդիպել վարչության պետի հետ, ծանոթացել վարչության կողմից իրականացվող աշխատանքներին։

Սեպտեմբերի 18-ին ՀՕԿ պատվիրակության անդամները եղել են Երևանի ագրոօդերևութաբանական կայանում։ Տեղում ծանոթացել են կայանում առկա գործիք-սարքավորումներին, տվյալների մշակման նոր համակարգին, հաղորդման կարգին, ինչպես նաև ավտոմատ օդ կայանների աշխատանքներին և առկա խնդիրներին։

Նույն օրը հյուրերը այցելել են նաև շրջակա միջավայրի նախարարություն, հանդիպում ունեցել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի աշխատանքները համակարգող փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի հետ։ Քննարկել են «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի արդյունավետ կառուցվածքային օպտիմալացման խնդիրը։

Պարոն Մատի Էերիկինենը և տիկին Սարի Լապին սեպտեմբերի 19-ին այցելել են ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ տեղում կենտրոնի աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

Սեպտեմբերի 19-ին հյուրերը եղել են նաև օդերևութաբանության, հիդրոլոգիայի և կլիմայի ծառայություններում, տեղում ծանոթացել վերջիններիս գործունեությանը, իրականացվող աշխատանքներին և առկա բացերին։

Այնուհետև «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի մոտ կայացել է ամփոփիչ հանդիպում ՀՕԿ փորձագետներ Մատի Էերիկինենի և տիկին Սարի Լապիի հետ։
Հանդիպմանը մասնակցում էին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը, գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Անի Մարգարյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի արդյունավետ կառուցվածքի և օպտիմալ մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսների օպտիմալ բաշխման անհրաժեշտությունը, այն համահունչ դարձնելով Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ռազմավարությանն և կիրառելով այլ միջազգային նմանատիպ կառույցների լավագույն փորձը։

ՀՕԿ փորձագետների կողմից նշվեց, որ հոկտեմբերին կներկայացվեն անհրաժեշտ առաջարկներ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային օպտիմալացման համար՝ նախապես հաշվի առնելով ՊՈԱԿ-ի կողմից արված առաջարկությունները։