AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության օդի արտանետումների կադաստրի վերանայում» խորագրով աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից

11/07/2024

ՄԱԿ ԵՏՀ «Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի շրջանակներում հունիսի 24-ից 27-ը տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության օդի արտանետումների կադաստրի վերանայում» խորագրով աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից։
Աշխատաժողովի նպատակն էր աջակցել Հայաստանին զարգացնելու կարողությունները աշխարհագրական տեղեկատվական համակարգերի միջոցով վնասակար նյութերի արտանետումների կազմման և հաշվետվությունների ներկայացման համար։
Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ ԵՏՀ շրջակա միջավայրի բաժնի տարածաշրջանային խորհրդական Սարանգու Ռադնաարաղչան, ով կարևորելով Հայաստանի հետ համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց մթնոլորտային օդի վնասակար նյութերի արտանետումների հաշվետվությունների բարելավումների համար:
Աշխատաժողովին մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության Մթնոլորտային քաղաքականության վարչության, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ՄԱԿ-ի ԵՏՀ բնապահպանական հարցերի պատասխանատու Կետևան Կորձախիան, ցանցային արտանետումների փորձագետ Կոլա Ռոբերտը։
Աշխատաժողովի ընթացքում գործնական վարժությունների միջոցով հաշվարկվեցին վնասակար նյութերի արտանետումները, համեմատվեցին սահմանված արժեքների հետ, կատարվեց խոշոր արտանետումների ոլորտների գույքագրում և կատարվեց քարտեզագրում՝
կորդինատային ցանցային տվյալների հիման վրա։
Քննարկվեցին Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված վնասակար նյութերի արտանետումների հաշվետվությունները, վնասակար նյութերի արտանետումների չափաքանակները, սահմանվեցին Հայաստանի համար GNFR հաշվետվության մեջ ներառվող ոլորտները, որոնցից են տնային տնտեսությունները, գյուղատնտեսությունը, թափոնները, տրանսպորտը, արդյունաբերությունը, էներգետիկան, անասնաբուծությունը։
Քննարկումների արդյունքում կազմվեց հետագա գործողությունների պլանը և հստակեցվեց 2025 թվականին տեղեկատվություն ներկայացնելու ցանկը։

<