ԼՐԱՀՈՍ

Տեղի է ունեցել Հայաստանում քիմիական նյութերի անվտանգ գործածությունը կարգավորող աշխատանքային խմբի աշխատաժողովը

2018-08-15

Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում «Հայաստան/ՅՈՒՆԵՊ գործընկերություն՝ Հայաստանում քիմիական նյութերի վերաբերյալ օրենսդրության կատարելագործման և արդյունաբերության ներգրավման» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել քիմիական նյութերի անվտանգ գործածությունը կարգավորող աշխատանքային խմբի աշխատաժողով, որին մասնակցել են աշխատանքային խմբի անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների, գիտահետազոտական ինստիտուտների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը նշել է, որ քիմիական նյութերի կառավարման ոլորտում անհրաժեշտ է շահագրգիռ կողմերի բազմաճյուղային համագործակցություն և համաձայնեցված մոտեցում որոշումների ընդունման, միջոցառումների անցկացման և ծրագրերի իրականացման գործընթացում: Այդպիսի մոտեցումը պետք է լինի բոլոր հիմնախնդիրների՝ նանոտեխնոլոգիաներից մինչև բարձր թունունակությամբ պեստիցիդների և ժամկետանց պեստիցիդների պաշարների նկատմամբ:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել է «Քիմիական նյութերի մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը։

Բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանը հայտնել է, որ այս հայեցակարգով առաջարկվող քաղաքականության հիմնական նպատակը քիմիական նյութերի՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից անվտանգ գործածության ապահովումն է: Այս նպատակին հասնելու համար ընտրված գործիքակազմը «Քիմիական նյութերի մասին» ՀՀ օրենքի, դրանից բխող այլ իրավական ակտերի ընդունումն է, որով  կկարգավորվի քիմիական նյութերի անվտանգ շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում, դրանց գրանցման համակարգի ստեղծումը, մակնշման պահանջի սահմանումը, դասակարգումը, քիմիական նյութերի գործածության օրենսդրության խախտման համար պատասխանատվության սահմանումը, քիմիական նյութերի գործածության ոլորտում պետական կառավարման մարմինների լիազորությունների սահմանումը և հստակ տարանջատումը, քիմիական նյութերի գործածության մեջ ներգրավված անձանց իրավունքների և պարտականությունների սահմանումը: