16/11/2022
Նոյեմբերի 2-4-ը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կենտրոնակայանում՝ Ժնևում, կայացել է ՀՕԿ Տարածաշրջանային ասոցիացիա VI-ի տարածաշրջանային համաժողովը (RECO)՝ «Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների ապագա դերը՝ առաջնորդություն և կառավարում» խորագրով։ Այլ երկրների պատվիրակների հետ միասին համաժողովին ՀՕԿ գլխավոր քարտուղար Փ․ Թաալասի հրավերով մասնակցել է նաև Շրջակա միջավայրի նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ։ Համաժողովի աշխատանքներին մասնակցել են նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը։
Տարածաշրջանային համաժողովի ընթացքում հայկական պատվիրակության անդամները ունեցել են մի շարք հանդիպումներ, մասնավորապես՝
•ՀՕԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ելենա Մանաենկովայի հետ։
•ՀՕԿ գլխավոր քարտուղարի օգնական Ուենջիան Զհանգի հետ։
•ՀՕԿ քարտուղարության անդամ-երկրների սպասարկման և զարգացման դեպարտամենտի տնօրեն Ֆիլիպե Լուչիոյի հետ, ով համակարգում է նաև տարածաշրջանային ասոցիացիաների աշխատանքը։ Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձագետներ գործուղել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ՝ կլիմայական, հիդրոլոգիական և օդերևութաբանական ոլորտներում փորձագիտական աջակցություն տրամադրելու նպատակով:
Նախատեսվում է իրականացնել առաքելություններ հետևյալ ուղղություններով՝
ա/ ակնադիտական դիտարկումներից ավտոմատի անցում՝ հիդրոօդերևութաբանական ցանցի օպտիմիզացիայի նպատակով,
բ/ օպերատիվ հիդրօդերևութաբանություն,
գ/ պետություն-մասնավոր ոլորտ համագործակցություն,
դ/ հիդրոօդերևութաբանական սպասարկման արդյունավետ կազմակերպում և օդերևութաբանական կանխատեսումների բարելավում և այլն։
ՀՕԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Երևանի աէրոլոգիական կայանին տեխնիկական աջակցության տրամադրման, վարարումների կանխատեսման և երաշտի մոնիթորինգի համակարգի ներդրման, գյուղատնտեսության ոլորտի մասնագետների համար ագրոօդերևութաբանության սպասարկման, տեղեկատվական սեմինարի կազմակերպման, ՀՕԿ հովանու ներքո իրականացվող IG3IS (Ջերմոցային գազերի ինտեգրված գլոբալ տեղեկատվական համակարգ) ծրագրում Հայաստանի ընդգրկման, համապատասխան ծրագրային հայտի մշակման և դոնոր կազմակերպություններին ներկայացման մի շարք այլ հարցեր։ Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել երկկողմանի հանդիպումներ մի շարք Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների ղեկավարների հետ, մասնավորապես՝ Վրաստանի, Ռումինիայի և Էստոնիայի, ինչպես նաև Մետեո-Ֆրանս ինտերնեյշնլ կազմակերպության նախագահի հետ: Արդյունքում վերջիններիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել երկկողմանի համագործակցությունը, ինչպես նաև մշակել և ստորագրել փոխըմբռնման հուշագրեր։