11/04/2019
2019թ.-ի ապրիլի 11-ին բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ Օզոնային շերտը քայքայող նյութերի (ՕՇՔՆ) և կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի իրականացման ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը, որը վարում էր բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը։
Հայաստանի Հանրապետությունը ծրագրին մասնակցում է միայն «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի կարգավորման տակ գտնվող պոլիքլորացված բիֆենիլների (ՊՔԲ-ների) մասով։
Ծրագիրն իրականացնում է բնապահպանության նախարարությունը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հետ համատեղ։
Համաձայն Ստոկհոլմի կոնվենցիայի դրույթների՝ Կոնվենցիայի Կողմ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն մինչև 2025 թվականը սարքավորումներում (տրանսֆորմատորներ, կոնդենսատորներ կամ այլ ընդունիչներ) պոլիքլորացված բիֆենիլների օգտագործումը դադարեցնելու համար, ինչպես նաև վնասազերծեն/ոչնչացնեն պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղերը։
Ծրագիրը կոչված է հաշվառել և անալիզի ենթարկել յուղերի 2 000 նմուշ՝ դրանցում պոլիքլորացված բիֆենիլների առկայությունը հայտնաբերելու նպատակով, ինչը թույլ կտա որոշել այդ թափոնների հետագա վնասազերծման եղանակները։
Ստոկհոլմի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով Կոնվենցիայի Կողմ երկրները կարող են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերել յուղերի վնասազերծման սարքավորում։