AM RU EN

Սնդիկ

Կայացել է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի իրականացման ղեկավար խորհրդի հերթական նիստը

23/12/2019

2013 թվականի հոկտեմբերի 10-ին Ճապոնիայի Կումամոտո քաղաքում Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան, որը վավերացրել է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի օրենքով։
2014 թվականի դեկտեմբերի 25-ին ստեղծվել է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի իրականացման ղեկավար խորհուրդ, որի նպատակն է Մինամատայի կոնվենցիայի իրականացման և կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացի կանոնակարգումը:
Ղեկավար խորհրդի կազմում ընդգրկված են շահագրգիռ գերատեսչությունների, գիտությունների ազգային ակադեմիայի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և որի խնդիրներն են՝ Կոնվենցիայի իրականացման գործընթացի համակարգումը, ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ առաջարկ ներկայացնելը և մոնիթորինգը, պարտավորությունների կատարմանը նպատակաուղղված ծրագրերի համակարգումը։
Սույն թվականի դեկտեմբերի 23-ին շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի իրականացման ղեկավար խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2020թ. սկսած սնդիկ պարունակող արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերման և օրենսդրական հենքի կատարելագործման հետ կապված հարցերը։
Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը ներկայացրեց համաձայն Կոնվենցիայի դրույթների և ՀՀ ստանձնած պարտավորությունների առաջնային խնդիրները՝ սնդիկի արտանետումների, շրջակա միջավայրում մոնիթորինգի, թափոնների պահման և հեռացման խնդիրները։
Որոշվեց սնդիկ պարունակող ապրանքների շրջանառությունից փուլային դուրսբերման նպատակով մշակել օրենքի նախագիծ, որով կսահմանվի սնդիկ պարունակող արգելված ապրանքների ցանկը՝ առաջնահերթությունը տալով այն ապրանքներին, որոնք ունեն սնդիկ չպարունակող այլընտրանքներ։ Առաջարկն ընդունվեց Ղեկավար խորհրդի անդամների կողմից։