AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հուլիսի 15-ից քամիները կթուլանան, երեկոյան ժամերին ջերմաստիճանը կբարձրանա

14/07/2022

Տարվա այս ժամանակահատվածում հատկապես Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին բավականին ակտիվ են լեռնահովտային քամիները, որոնց շնորհիվ երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է` մեղմելով ցերեկային ժամերին առաջացած սաստիկ շոգը։

Վերջին 5 օրերին, հատկապես Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, այդ թվում նաև Երևանում այս քամիները բավականին ինտենսիվ են, մինչև` 20մ/վ արագությամբ։ Քամու մեծ արագությունը պայմանավորված է նրանով, որ հանրապետության տարածք ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը հիմնականում տարածվում է հովտային և նախալեռնային գոտիների վրա, իսկ լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանի էական բարձրացում դեռևս չի նկատվում։ Այս երևույթի արդյունքում Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը 10-15 աստիճանով ցերեկը լինում է ավելի բարձր քան Սևան-Հրազդան հատվածում։ Ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման մեծ տարբերության պատճառով` օդային զանգվածը երեկոյան ժամերին Սևան-Հրազդան հատվածից տեղափոխվում է դեպի Արարատյան դաշտ` առաջացնելով ուժգին քամիներ։
Հուլիսի 15-ից սկսած արևադարձային տաք օդի ալիքի ազդեցությունը աստիճանաբար տարածվելու է նաև լեռնային գոտիների վրա` ինչի արդյունքում լեռնահովտային քամիները երեկոյան ժամերին զգալիորեն թուլանալու են։
Լեռնահովտային շրջանառության թուլացման պատճառով հուլիսի 16-20-ի երեկոյան ժամերին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը կլինի մոտ 7-9 աստիճանով ավելի բարձր, քան վերջին օրերին։