07/07/2022
2022թ. հունիսի 1-ին «ԷկոԼուրի» մամուլի ակումբում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի հանդիպումը: 3-րդ աշխատանքային խմբի համակարգող Մարի Չաքրյանն առաջարկեց քննարկել 3-րդ աշխատանքային խմբի անդամ կազմակերպությունների կոնկրետ գործունեության իրականացման համար նախատեսված հարցերը։ 3-րդ աշխատանքային խմբի խնդիրները վերաբերում են կլիմայի փոփոխությանը, շրջակա միջավայրին, էներգետիկային և տրանսպորտին, որի անդամ է հանդիսանում նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնը։
ԷկոԼուրի առաջարկով աշխատանքային խմբի անդամները ցանկություն հայտնեցին մասնակցել Թբիլիսիում կայանալիք աշխատանքային հանդիպմանը, որը նվիրված է Արևելյան գործընկերության երկրների ինտեգրման հարցերին, ԵՄ կլիմայական և էներգետիկ քաղաքականության նոր գործիքների ուսումնասիրությանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերին այդ գործընթացներում:
Հանդիպմանը մասնակցում էին «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը, Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը և աշխատանքային խմբի այլ անդամներ։