AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հունիսի 22-24-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Օրհուսի կոնվենցիայի կողմերի աշխատանքային խմբի 26-րդ և Կողմերի 3-րդ արտահերթ նստաշրջանը

27/06/2022

Հունիսի 22-24-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Օրհուսի կոնվենցիայի կողմերի աշխատանքային խմբի 26-րդ և Կողմերի 3-րդ արտահերթ նստաշրջանը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Գայանե Գաբրիելյանը, Օրհուսի Կոնվենցիայի ազգային համակարգող Մարի Չաքրյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը և «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի նախագահ Ամալյա Համբարձումյանը։
Քննարկվել են շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության հարցերը, մասնավորապես էկոպիտակավորման, շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող արտադրությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության և տվյալների թվայնացման հարցերը, ներկայացվել է լավագույն փորձը։ Այնուհետ քննարկվել է Օրհուսի կոնվենցիայի Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) վերաբերյալ լրացման վավերացման հարցը։

Կարևորվել է Օրհուս կենտրոնների դերը որպես կարևոր գործիք Օրհուսի կոնվենցիայի իրականացման գործընթացում։ Նախարարի առաջին տեղակալը իր ելույթում նշել է, որ առաջին Օրհուս կենտրոնը բացվել է Երևանում և ստեղծման առաջին իսկ օրվանից գործում է նախարարության ենթակայությամբ՝ հանդիսանալով հասարակություն-կառավարություն համագործակցության լավ հարթակ։ Նա նաև տեղեկացրել է, որ այժմ Հայաստանը համագործակցում է ԵԱՀԿ-ի հետ՝ մարզային Օրհուս կենտրոնների աշխատանքը վերագործարկելու նպատակով։