AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այսօր ամառային արևադարձի օրն է

21/06/2022

Այսօր ամառային արևադարձի օրն է, երբ Հյուսիսային կիսագնդում դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը, իսկ Հարավային կիսագնդում՝ հակառակը:
Տարբերում են երկու տեսակի արևադարձեր՝ ամառային և ձմեռային:
Երկրի Հյուսիսային կիսագնդում ամառային արևադարձը տեղի է ունենում հունիսի 21-ին, իսկ ձմեռային արևադարձը՝ դեկտեմբերի 21-ին:

Երկրի պտտման առանցքն իր ուղեծրային հարթության նկատմամբ ունի 66°30´թեքություն, որը տարվա եղանակների առաջացման ու հերթափոխի հիմնական պատճառն է:
Տարվա ընթացքում Երկիրն Արեգակի ճառագայթների ուղղության նկատմամբ հաջորդաբար հայտնվում է մե´կ Հյուսիսային, մե´կ Հարավային բևեռներով: Ուստի Արեգակն ավելի ուժեղ է տաքացնում և լուսավորում Երկրի մե´րթ Հյուսիսային, մե´րթ Հարավային կիսագունդը, ինչի հետևանքով, երբ Հյուսիսային կիսագնդում ամառ է, Հարավային կիսագնդում ձմեռ է, և հակառակը:
Հունիսի 22-ին Արեգակը հասարակածի հարթությունից դեպի Հյուսիսային կիսագունդ է հեռանում առավելագույն չափով, Արեգակի տեսանելի շարժման ուղեծիրը, հասարակածի հետ կազմում է 23°27´ անկյուն, և Արեգակի ճառագայթները Երկրի վրա ընկնում են գրեթե ուղղահայաց: Հյուսիսային կիսագնդում սկսվում է ամառը, Հարավային կիսագնդում՝ ձմեռը: