10/06/2022
Մայիսի 17-22-ը հերթական անգամ Սևանա լճում իրականացվեցին ջրի որակի հետազոտություններ և ջրի նմուշառումներ։
Նմուշներ են վերցվել Սևանա լճի մակերևութային և խորքային շերտերից: Լաբորատոր և դաշտային հետազոտությունների արդյունքների համաձայն՝
Ջրի ջերմաստիճանը լճի հատակամերձ՝ 60մ խորության շերտում 4°C է, սակայն 30մ խորության շերտերում 5-6°C է, ինչը բարձր է և այդ բարձր ջերմային վիճակը նպաստում է, որ հատակային շերտը ևս մասնակցի ջրաշրջանառությանը: Ջրում լուծված թթվածնի պարունակությունը Սևանա լճի հատակամերձ շերտում դիտվել է 4-11մգ/լ տիրույթում: Մակերևութային և միջին շերտերում լուծված թթվածնի կոնցենտրացիան բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից): Լուծված թթվածնի ցածր արժեքներ դիտվում են հիմնականում Գիլիի, Արփայի, Նորատուսի հատվածներում, որտեղ ջրի որակը գնահատվում է հիմնականում 4-րդ դաս («անբավարար» որակ)։ Ֆոսֆատ իոնի պարունակությունը Փոքր Սևանի մակերևութային և հատակամերձ շերտերում Մեծ Սևանի համեմատ մի փոքր բարձր է: Ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան մակերևութային շերտերում գնահատվում է 1-2-րդ դաս («գերազանց»-«լավ» որակ), իսկ հատակամերձ շերտում՝ 2-3-րդ դաս («լավ»-«միջակ» որակ)։ Ամոնիում իոնի կոնցենտրացիան Մեծ և Փոքր Սևանների համար, լճի ողջ խորությամբ գնահատվում է 2-4-րդ դաս («լավ»-«անբավարար» որակ)։Նիտրատ իոնի կոնցենտրացիան Մեծ և Փոքր Սևանների համար, լճի ողջ խորությամբ գնահատվում է 1-2-րդ դաս («գերազանց»-«լավ» որակ)։ Ամենաբարձր կոնցենտրացիան դիտվում է Մեծ Սևանի մակերևույթին, որտեղ ջուրը 2-րդ դաս է՝ «լավ» որակի: