AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՕԿ-ի գլոբալ կլիմայական իրավիճակի վերաբերյալ զեկույցի հիմնական հաղորդագրությունները

23/05/2022

2020 թվականին ջերմոցային գազերի կոնցենտրացիաները հասան նոր գլոբալ առավելագույն ցուցանիշների, երբ ածխաթթու գազի (CO2) կոնցենտրացիան ամբողջ աշխարհում հասավ 413․2ppm (միլիոներորդ մաս) կամ նախաարդյունաբերական մակարդակի (149%): Հատուկ վայրերից ստացված տվյալները ցույց են տալիս, որ դրանք շարունակել են աճել 2021 և 2022 թվականներին, երբ 2020 թվականի ապրիլին Հավայան կղզիների Մոնա Լոայում ամսական միջին CO2-ը հասավ 416․45, 2021-ին՝ 419․05 և 2022 թվականի ապրիլին՝ 420․23ppm-ի:
Համաշխարհային տարեկան միջին ջերմաստիճանը 2021 թվականին եղել է մոտ 1.11±0.13°C-ով բարձր 1850-1900 թվականների նախաարդյունաբերական միջինից, որի ընթացքում սակայն գրանցվեց ավելի մեղմ ջերմաստիաճան, քան վերջին որոշ տարիների ընթացքում՝ տարվա սկզբին և վերջում Լա Նինյայի սառեցնող պայմանների հետևանքով: Վերջին յոթ տարիները՝ 2015-2021 թվականները, դիտարկումների ընթացքում գրանցված յոթ ամենատաք տարիներն են:
Օվկիանոսային ջերմաստիճանը ռեկորդային է եղել։ Օվկիանոսի՝ 2000 մ խորությամբ վերին հատվածը շարունակել է տաքանալ 2021 թվականին, և ակնկալվում է, որ այս միտումը կշարունակվի նաև հետագայում։ Սա հարյուրամյակների և հազարամյակների կտրվածքով անշրջելի հետևանքներ կունենա: Բոլոր տվյալները փաստում են, որ օվկիանոսների տաքացման տեմպերը կտրուկ աճել են` հատկապես վերջին երկու տասնամյակների ընթացքում: Ջերմությունը ներթափանցում է ավելի խորը շերտեր: Ի դեպ, օվկիանոսների գերակշիռ մասը 2021 թվականին ինչ-որ պահի բախվել են առնվազն մեկ ուժեղ ջերմային ալիքի հետ։
Օվկիանոսի թթվայնացում։ Օվկիանոսը կլանում է մարդածին CO2-ի դեպի մթնոլորտ տարեկան արտանետումների շուրջ 23%-ը: Այն փոխազդեցության մեջ է մտնում ծովային ջրերի հետ և հանգեցնում օվկիանոսի թթվայնացմանը, որը սպառնում է օրգանիզմներին և էկոհամակարգային ծառայություններին, հետևաբար՝ պարենային անվտանգությանը, զբոսաշրջությանը և առափնյա պաշտպանությանը: Օվկիանոսի pH-ի նվազմանը զուգընթաց, նվազում է դրա մթնոլորտից CO2 կլանելու կարողությունը: Կլիմայի փոփոխության հարցով միջկառավարական հանձնաժողովը /IPCC/ եզրահանգեց, որ «կա շատ մեծ հավանականություն, որ օվկիանոսի բաց մակերևույթի pH-ն այժմ ամենացածրն է առնվազն 26.000 տարվա ժամանակագրությամբ, և pH-ի փոփոխության ներկայիս տեմպերն աննախադեպ են առնվազն այդ ժամանակից ի վեր»: 
Գլոբալ ծովի միջին մակարդակը 2021 թվականին հասել է նոր ռեկորդային բարձրության՝ 2013-2021 թվականների ընթացքում գրանցելով տարեկան միջինը 4.5 մմ բարձրացման միտում: Սա ավելի քան կրկնակի է 1993-ից 2002 թվականներին գրանցված ցուցանիշների համեմատ և հիմնականում պայմանավորված է սառցե թաղանթներից սառցե զանգվածի արագացված կորստով: Այս երևույթը ցավալի հետևանքներ է ունենում հարյուր միլիոնավոր ափամերձ բնակիչների համար և մեծացնում է խոցելիությունը արևադարձային ցիկլոնների նկատմամբ: