AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մարտի 24-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում EU4Sevan ծրագրի թիմի անդամների հետ

28/03/2022

Հանդիպմանը մասնակցում էին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» (ՀՄԿ) ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, EU4Sevan ծրագրի ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գծով խորհրդական Ալեքսանդր Առաքելյանը, «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը, «Դատամոտուս» կազմակերպության համահիմնադիր և դասընթացավար Վահե Մովսիսյանը, EU4Sevan ծրագրի հաղորդակցության, հասարակայնության հետ կապերի և մոնիթորինգի էքսպերտ Անի Լաթոյանը։
Հանդիպման հիմնական նպատակը Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համատեղ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում ամիսներ առաջ իրականացված «Տվյալների վիճակագրական վերլուծության և վիզուալիզացիայի ուղղությամբ դասընթաց»-ի արդյունքների քննարկումն ու դասընթացը հաջողությամբ ավարտած աշխատակիցներին հավաստագրերի հանձնումն էր։
«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ․Ազիզյանն իր խոսքում կարևորեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով ՊՈԱԿ-ին ցուցաբերած աջակցության համար։
Նա նշեց, որ 1930-ականներից մինչ այսօր «ՀՄԿ» ՊՈԱԿ-ում հավաքագրված տեղեկատվությունը թույլ է տալիս իրականացնել շրջակա միջավայրի ցուցանիշների վիճակագրական վերլուծություններ, բացահայտել փոփոխությունների միտումներն ու փոխադարձ կապերը տարբեր տարրերի միջև, ինչն էլ նպաստում է արդյունավետ որոշումների կայացմանը։
Ք․ Հենշելը նշեց, որ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը EU4Sevan ծրագրի ռազմավարական գործընկերն է: Նա նաև հավելեց, որ EU4Sevan ծրագիրը պատրաստակամ է շարունակել աջակցել ՊՈԱԿ-ին տեխնիկական վերազինման, անձնակազմի վերապատրաստման և այլ ուղղություններով՝ նպաստելով ծրագրի հիմնական նպատակին՝ Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության բարելավմանը։
Հանդիպման վերջում Լ․Ազիզյանը և Ք․ Հենշելը դասընթացն հաջողությամբ ավարտած 5 մասնակիցներին հանձնեցին հավաստագրերը: