AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մարտի 16-ին «Ալմազ» գիտաարտադրական միավորման առաջարկով կայացել է REANET նախագծի քննարկմանը նվիրված տեսակոնֆերանս։

18/03/2022

Մասնակիցներին ողջունեցին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը և ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Ա․ Դոնչենկոն:
Տեսակոնֆերանսին մասնակցում էին ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՇՄՆ «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի ներկայացուցիչները, իսկ ռուսական կողմից քննարկմանը մասնակցում էին ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության աշխատակիցները՝ ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Ա․ Դոնչենկոյի գլխավորությամբ, ներկայացուցիչներ «Ալմազ» գիտաարտադրական միավորումից, Ռոսհիդրոմետի Կենտրոնական աէրոլոգիական դիտակայանից, ВЭБ.РФ զարգացման պետական կորպորացիայից։
Իրենց ողջյունի խոսքում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը և ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Ա․ Դոնչենկոն նշեցին REANET ծրագրի իրականացման, ռադիոլոկացիոն օդերևութաբանական տվյալների միասնական տվյալների, վտանգավոր օդերևութաբանական երևույթների վաղ նախազգուշացման համակարգերի կարևորության մասին:
Տեսակոնֆերանսի ընթացքում «Ալմազ» գիտաարտադրական միավորման և Ռոսհիդրոմետի Կենտրոնական աէրոլոգիական դիտակայանի ներկայացուցիչները հանդես եկան REANET նախագիծը բնութագրող տեսահանդեսներով։ Ծրագիրը ենթադրում է ԵԱՏՄ երկրների ազգային ռադարային և օդերևութաբանական համակարգերի տվյալների ինտեգրում, եղանակային պայմանների շարունակական մոնիթորինգի միասնական համակարգի ստեղծում, իրական ժամանակում տեղեկատվության փոխադարձ հասանելիության ապահովում։ Ծրագրի առաջնահերթ նպատակներից է նաև վտանգավոր օդերևութաբանական երևույթների վաղ նախազգուշացման գործառույթի ապահովումը՝ դրանց արագ կանխարգելման և հնարավոր վնասների մեղմման նպատակով։
Հայկական կողմի ներկայացուցիչները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին քննարկվող թեմաների նկատմամբ և բարձրացրեցին հարցեր կապված ռադիոլոկացիոն համակարգերի օգտագործման, ստացված տվյալների մշակման և վերլուծության ռուսական փորձի հետ:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա փոխգործակցության և լրացուցիչ քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ՝ կապված ռադիոլոկացիոն համակարգի ստեղծման և REANET ծրագրի իրագործման հետ:
REANET- Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ռադիոլոկացիոն օդերևութաբանական տվյալների միասնական տեղեկատվական դաշտ։