AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հանդիպում՝ Շրջակա միջավայրի նախարարության օզոնային շերտի պահպանության ծրագրի շրջանակներում

20/12/2021

2021 թվականի դեկտեմբերի 16-ին և 17-ին Աղվերանում տեղի ունեցավ Շրջակա միջավայրի նախարարության օզոնային շերտի պահպանության ծրագրի շրջանակներում շահագրգիռ կողմերի տարեվերջյան հերթական ամփոփիչ հանդիպումը, որին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մասնակցեցին տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանն ու օդերևութաբանության ծառայության հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի պետ Անահիտ Ասատրյանը։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ՄԱԱԶԿ ծրագրի համակարգող Ռոդիկա Իվանը, ՄԱՇՄԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ցանցի համակարգող Հալվարթ Քոփենը, ՄԱԱԶԿ հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը և Օզոնային շերտի պահպանության հարցերի համակարգող Լիանա Ղահրամանյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքներն ու դրանց ընթացքը, որոնք վերաբերվում էին սառնարանային և օդորակման ոլորտների մասնագետների, ինչպես նաև այդ ոլորտների մի շարք դասախոսների վերապատրաստմանը, սառնարանային տնտեսություններում նոր տեխնոլոգիաների կիրառմանը, Հայաստանի սառնարանային ասոցիացիայի գործունեությանը, եվրոպական որոշ ստանդարտների տեղայնացմանը, «Կանաչ մաքսատուն» միջազգային նախաձեռնությանը և դրա ենթատեքստում կնքված եռակողմ հուշագրին, օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման/արտահանման լիցենզավորման էլեկտրոնային համակարգին և այլ հարցերի:

Հանդիպման ընթացքում նշվեց օզոնային շերտի պահպանության հարցերի իրազեկման բարձրացման կարևորությունը, ներկայացվեց տեղեկատվություն օզոնային շերտի պահպանության միջազգային օրվան՝ սեպտեմբերի 16-ին նվիրված իրականացված միջոցառումների  մասին։
Քննարկումների ընթացքում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները ներկայացրեցին օզոնային շերտի ուսումնասիրության հետ կապված ընթացիկ գործունեությունը, քննարկեցին հնարավոր համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։
Օզոնային շերտի պահպանության ծրագրի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը շնորհակալություն  հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Մաքսային վարչարարություն» մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողներին և   «Օզոնը մեր կյանքում» ամառային ճամբարի սաներին ՊՈԱԿ-ի «Ամբերդ» օզոնաչափական դիտակայանում հյուրընկալելու համար։
Նման այցելություններն օգնում են բարձրացնել իրազեկվածության մակարդակը ոչ միայն օզոնային շերտի հիմախնդրի, այլ նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող օզոնային շերտի դիտարկումների վերաբերյալ։