AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ«Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի եզրափակիչ աշխատաժողովը

22/11/2021

Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ իրականացվող «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի եզրափակիչ աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև ներկայացուցիչներ այլ շահագրգիռ գերատեսչություններից: Ծրագրի ազգային համակարգող, «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող Ա․ Ալեքսանդրյանը ներկաներին փոխանցեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ տիկին Ա․ Մազմանյանի ողջույնի խոսքը։
Ողջյունի խոսքով հանդես եկավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը: Իր խոսքում Լ․ Ազիզյանը նշեց, որ ծրագիրը բխում է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացումից, որը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2017 թվականին։ Մինամատայի կոնվենցիայի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից: Լ․ Ազիզյանն իր խոսքում կարևորեց նաև ծրագրի շրջանակներում իրականացված իրազեկման բարձրացման միջոցառումները ու դրանցում տարբեր մասնագիտությունների, տարիքային խմբերի մարդկանց ներգրավումը։
Տիկին Ալեքսանդրյանը զեկուցեց «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի կողմերի համաժողովի չորրորդ հանդիպման արդյունքների մասին և ներկայացրեց Կոնվենցիայի ստանձնած պարտավորությունների իրականացման գործընթացը մեր երկրում, մասնավորապես «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը։ Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվեցին ծրագրի արդյունքները, ինչի հիմնական նպատակն էր սնդիկ պարունակող լամպերի հավաքման, պահման, փաթեթավորման, տեղափոխման, ընդունման և վնասազերծման էկոլոգիապես անվտանգ պայմանների սահմանումը։
Աշխատաժողովին զեկույցներով հանդես եկան «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի ներկայացուցիչ Քնարիկ Գրիգորյանը, Ծրագրի տեխնիկական խորհրդատու Ալեքսանդր Ենգոյանը և ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Գայանե Մելքոնյանը: