AM RU EN

Համգործակցություն ՀԿ-ների հետ

Նվիրենք գիտելիք երեխաներին

03/06/2021

Հունիսի 1-ին Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային  օրվա կապակցությամբ «Նվիրենք գիտելիք երեխաներին» վերտառմամբ միջոցառում էր կազմակերպվել Գիտությունների ազգային Ակադեմիայի   Հ․ Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանում ։
«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Երևանի Օրհուս կենտրոնի, Երկրաբանական թանգարանի ու «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացված միջոցառման ժամանակ, որի մասնակիցներն էին Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոցի աշակերտները, մանկավարժները և ծնողները,  կազմակերպիչների կողմից  նախ ներկայացվեց շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող մատչելի տեղեկատվություն։
Այնուհետև  ներկայացվեց ԳՄՀԸ (GIZ) ECOserve ծրագրի շրջանակում ստեղծված «Էներգապոլիա» բնապահպանական, ուսուցողական խաղը, որն իր մեջ պարունակում է էներգաարդյունավետությանը, էներգախնայողությանը և վերականգնվող էներգետիկային առնչվող ամբողջական տեղեկատվություն։ Տեսասահիկի  միջոցով ներկայացվեց, թե ինչ կարող է անել յուրաքանչյուրը՝ նպաստելու համար էներգաարդյունավետությանը և նվազեցնելու ճնշումը շրջակա միջավայրի ու բնական էկոհամակարգերի վրա:  
Միջոցառման ավարտին երեխաները խաղի միջոցով ամրապնդեցին ստացած գիտելիքները։ «Էներգապոլիան» ժամանցային և միաժամանակ  ուսուցողական խաղ է և ամենակարևորը, որ գիտելիքներ է հաղորդում կլիմայի փոփոխության, անտառների պահպանության, թափոնների կառավարման, օրգանական գյուղատնտեսության և այս ամենին առնչվող ժամանակակից նորարարական գաղափարների վերաբերյալ։
Նմանատիպ միջոցառումները   կարևոր են  երեխաների կրթության,  նրանց ու ապագա սերունդների առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի իրացման համար։