AM RU EN

Համգործակցություն ՀԿ-ների հետ

Իրազեկման սեմինար՝ «Թափոնների կառավարման խնդիրները ՀՀ-ում» թեմայով

18/12/2018

Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության անդամների համար  «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի  Երևանի Օրհուս կենտրոնը  կազմակերպել էր  տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում ուսանողներին տեղեկատվություն տրամադրվեց ՀՀ-ում թափոնների կառավարման հիմնախնդիրների վերաբերյալ։ Քանի որ ՈՒԳԸ անդամների մեծ մասը առաջին անգամ էին այցելել Օրհուս կենտրոն, նրանց տեղեկատվություն տրվեց նաև կենտրոնի գործունեության, Օրհուսի կոնվենցիայի դրույթների և բնապահպանական տեղեկատվության աղբյուրիների վերաբերյալ։
Կենտրոնի հրավերով հանդիպմանը մասնակցում էին նաև պլաստիկ թափոնների հավաքագրման և մշակման հարցերով զբաղվող ԱպագաՔոմյունիթի նախաձեռնության հիմնադիր Հայկ Ղազարյանը և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի մասնագետ Քնարիկ Գրիգորյանը։
Հայկ Ղազարյանը Հայաստան է այցելել Կանադայից և այստեղ հիմնել է ԱպագաՔոմյունիթի նախաձեռնությունը, որի շրջանակներում պլաստիկ թափոններից ազատվելու և դրանց վերամշակելու նորարական լուծումներ է առաջարկում։ Նրանք առաջարկում են բաժանորդագրվել իրենց նախաձեռնությանը՝ տարեկան վճարելով 8000 դրամ, որի դիմաց իրենք ամիսը մեկ անգամ կայցելեն բաժանորդին և կտեղափոխեն  պլաստիկ թափոնները։ Իսկ այս ամենի դիմաց որպես խրախուսում բաժանորդներին տրամադրում են օնլայն զեղչի կտրոններ ավելի քան 15 տարբեր կազմակերպություններից՝ ներառյալ SAS Sweet, Eat & Fit, խաղալիքների խանութ, Gouroo- ի նման ռեստորաններ և այլ ընկերություններ: Հայկ Ղազարյանը տեղեկացրեց, որ օր-օրի ավելանում են ինչպես բաժանորդների, այնպես էլ զեղչի քարտեր առաջարկող ընկերությունների թիվը։ Մատուցված տեղեկատվությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց ուսանողների շրջանում, նրանց նույնիսկ աշխատանքի առաջարկ կատարվեց։

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի մասնագետ Քնարիկ Գրիգորյանը մասնակիցներին ներկայացրեց, թե ինչ վնասակար ազդեցություն կարող են ունենալ թափոնները շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա։ Այս տեղեկատվությունը ևս շատ օգտակար էր։ Մասնակից ուսանողների խնդրանքով նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն։