13/10/2018
Հոկտեմբերի 13-20-ը «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի հրավերով «Երիտասարդները հանուն որոշումների կայացմանը էկոհամակարգային ծառայությունների արժեքի ներառման» ծրագրի շրջանակներում մասնակցեց և ղեկավարեց ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի էկոհամակարգերի մատուցած ծառայությունների արժեքը գնահատող, հետազոտող խմբի աշխատանքները։
Հետազոտող խմբի անդամները նախապես ընտրվել և հոկտեմբերի 3-6-ը վերապատրաստվել էին Երևանի Օրհուս կենտրոնում կայացած «Էկոհամակարգային ծառայությունների տնտեսական գնահատում» դասընթացի միջոցով:
Երիտասարդ մասնագետները հագեցած ու արդյունավետ շաբաթ անցկացրեցին՝ ուսումնասիրելով Արդվի գյուղում գտնվող «Օձի պորտ» բնության հուշարձանը, գյուղի շրջակա էկոհամակարգերը, ինչպես նաև կաղնու և բոխու անտառները՝ տեղադրելով փորձահրապարակներ:
Մասնակիցները նաև սոց. հարցումներ են իրականացրել գյուղի բնակիչների շրջանում, պարզելու համար, թե ինչ չափով են վերջիններս օգտվում գյուղի էկոհամակարգային ծառայություններից։
Մասնագետները մշակեցին և քարտեզագրեցին Արդվի գյուղի տարածքն ընդգրկող 2 էկոերթուղի։
Հետազոտության արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ՏԻՄ մարմիններին՝ համայնքի զարգացման պլանավորման գործընթացում էկոհամակարգային ծառայությունների արժեքի ներառման հնարավորությունները դիտարկելու նպատակով։
Արդվի գյուղում իրականացվող ուսումնասիրություններին է անդրադարձել տեղական Անկյուն 3 հեռուստաընկերությունը։