UNEP

Քննարկվել են քիմիական նյութերի օրենսդրության տեսությանը և գերակայություններին վերաբերող հարցեր

27/04/2018

ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 27-ին «Հայաստան/ՅՈՒՆԵՊ գործընկերություն՝ Հայաստանում քիմիական նյութերի վերաբերյալ օրենսդրության կատարելագործման և արդյունաբերության ներգրավման» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել քիմիական նյութերի օրենսդրության տեսությանը և գերակայությունների սահմանմանը նվիրված աշխատաժողով:
Աշխատաժողովին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, գիտահետազոտական ինստիտուտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և արտադրական ձեռնարկությունների ներկայացուցիչներ:
Ծրագրի հիմնական նպատակից ելնելով, որն է աջակցել քիմիական նյութերի անվտանգ կառավարման համար իրավական հենքի, այդ թվում՝ քիմիական նյութերի միջազգային առևտուրը կարգավորող օրենսդրության ստեղծմանը՝ աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է մի շարք զեկույցներ, որոնք  վերաբերում են «Քիմիական նյութերի մասին»  օրենքի հայեցակարգին, դրա հնարավոր իրավական սխեմային, հայեցակարգով առաջարկվող քաղաքականության հիմնական նպատակներին, դրանց հասնելուն ուղղված անհրաժեշտ քայլերին, քիմիական նյութերի շուկային։
Քննարկվել են նաև քիմիական նյութերի կարգավորմանն առնչվող հարցեր և դրանց հսկողության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ։
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանն իր զեկույցում նշել է, որ քիմիական նյութերը կարգավորող օրենսդրությամբ քիմիական նյութեր արտադրող, ներմուծող, իրացնող կազմակերպությունների համար սահմանվելիք պահանջները պետք է լինեն ողջամիտ՝ հնարավորությունների շրջանակներում չավելացնելով տնտեսվարողների ծախսերը և չբարդացնելով վարչարարությունը։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցների կողմից որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ շահագրգիռ գերատեսչությունների և քիմիական նյութերին առնչվող ձեռնարկությունների պարտադիր ներգրավմամբ՝ քիմիական նյութերի հայեցակարգը մշակելու նպատակով։