AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2025թ. մարտի 25-27-ը կայացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Օդի աղտոտվածության և առողջության հարցերով 2-րդ գլոբալ համաժողովը

21/05/2025

2025թ. մարտի 25-27-ը կայացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Օդի աղտոտվածության և առողջության հարցերով 2-րդ գլոբալ համաժողովը՝ համատեղ Կոլումբիայի կառավարության հետ։
Համաժողովը համախմբեց ավելի քան 700 մասնակից 100 երկրից, այդ թվում՝ կառավարությունների, ՄԱԿ-ի, քաղաքացիական հասարակության ու գիտության ներկայացուցիչներ։
Ավարտին ավելի քան 50 երկիր, քաղաք և կազմակերպություն ստանձնեցին մեծ հանձնառություններ՝ մաքուր օդի ապահովման և հանրային առողջության պաշտպանության ուղղությամբ։ Հաստատվեց համատեղ նպատակ՝ մինչև 2040թ. օդի աղտոտվածության ազդեցության նվազեցում 50%-ով՝ միլիոնավոր կյանքեր փրկելու համար։
ԱՀԿ գլխավոր տնօրենը կոչ արեց անցնել խոստումներից դեպի համարձակ քայլեր՝ մաքուր էներգիայի, կայուն տրանսպորտի և խոցելի խմբերի պաշտպանության ուղղությամբ։
Որոշ Երկրների կարևոր հանձնառություններ.
Կոլումբիա՝ ամրապնդել միջոլորտային աշխատանքը՝ վերահսկողության, հանրային առողջության, մաքուր էներգիայի և արդյունաբերության ու տրանսպորտի տեխնոլոգիական արդիականացման միջոցով։ Զարգացնել նախազգուշական համակարգեր՝ անտառային հրդեհների կանխարգելման ու մեղմման նպատակով։
Իսպանիա՝ մինչև 2050թ․ ունենալ ածխածնից ազատ առողջապահական համակարգ՝ արտանետումների կրճատման, բազմոլորտ համագործակցության և նորարարության խթանման միջոցով։
Մեծ Բրիտանիա՝ շարունակել նախագահել Օդի Աղտոտվածության Միջազգային Համագործակցության Ֆորումը (FICAP), սահմանել առողջության վրա հիմնված PM2.5 ցուցանիշներ, հրապարակել Օդի Որակի ռազմավարություն և աջակցել Աֆրիկայի Մաքուր Օդ ծրագրին։
Հնդկաստան՝ ամրապնդել առողջապահական ոլորտը՝ աջակցելով Օդի Մաքրման Ազգային Ծրագրին, զարգացնել օդի աղտոտվածության ու ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկումը, խթանել մաքուր խոհանոցային էներգիան խոցելի խմբերի համար և օգնել բժիշկներին՝ պաշտպանելու վտանգված հիվանդներին։

Բրազիլիա՝ ընդլայնել միջնախարարական համագործակցությունը, ստեղծել Օդի Որակի Ազգային Քաղաքականություն, թարմացնել ստանդարտները՝ հիմնվելով ԱՀԿ ուղեցույցների վրա, հետևել քաղաքականությունների ազդեցությանը մահացության նվազման վրա։
Չինաստան՝ կատարելագործել օդի որակի ստանդարտները, առողջության պաշտպանության համակարգերը և միջազգային համագործակցությունը՝ նպատակ ունենալով իրականացնել ազգային բնապահպանական և կլիմայական նպատակները 2030, 2050 և 2060 թվականների համար։
Լոնդոնի փոխքաղաքապետ Մեթ Քոբանը, հանդես գալով որպես C40 քաղաքների համանախագահների ներկայացուցիչ (գրեթե 100 խոշոր քաղաք), ընդգծել է աջակցության պատրաստակամությունը՝ ուղղված ԱՀԿ 2040 թ․ նպատակին, կոչ անելով կառավարություններին՝ ներդրումներ կատարել մաքուր օդի լուծումների մեջ և ամրապնդել մոնիթորինգի համակարգերը։
Առողջապահական և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ՝ հանձնառություն են հայտնել ինտեգրելու օդի աղտոտվածության թեմաները բժշկական կրթության մեջ և զինելու առողջապահական աշխատողներին՝ օդի աղտոտվածության առողջական հետևանքների դեմ պայքարում։
Համաժողովը հիմք էր ստեղծել երկարաժամկետ համագործակցության և արդյունքի վրա կենտրոնացած գործողությունների համար՝ մաքուր օդի ապահովման և առողջության պաշտպանության նպատակով։