BAT/BEP

Քիմիական նյութերի և թափոնների կառավարումն ապահովող օրենսդրական նոր նորմերի մասին տեղեկացվել են տեսուչները

08/12/2017

Երևան քաղաքի Օրհուս կենտրոնում կայացել է աշխատաժողով, որին մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևան քաղաքի և տարածքային բաժինների տեսուչները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի տեսուչները։
    Աշխատաժողովը նպատակաուղղված էր տեսուչների իրազեկության բարձրացմանը՝ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանը և քիմիական նյութերի և թափոնների կառավարումն ապահովող օրենսդրության կատարելագործման նպատակով դրանում կատարված փոփոխություններին ծանոթանալու համար։
  Աշխատաժողովում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ տիկին Ա. Ալեքսանդրյանը ներկայացրեց «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի, «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի, «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի և Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիաների դրույթները և նշեց դրանց կատարման վերաբերյալ տեսչական մարմինների վերահսկողության իրականացման խնդիրները։
   Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց նաև թափոնների կառավարման ոլորտին վերաբերող՝ 2017 թվականին ընդունված օրենսդրությունը, մասնավորապես ընդերքօգտագործման արդյունքում առաջացող թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող պահանջները։ Առաջարկ եղավ նման իրազեկության բարձրացման խորհրդակցությունները պարբերաբար անցկացնելու վերաբերյալ։

/public/admin/ckfinder/userfiles/files/tapon-bet-bap/bet-bap3/6-BAT_BEP_08_12_2017_3.jpg