AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիա

08/05/2024

Մայիսի 6-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիա էին այցելել Երևանի Լ. Տոլստոյի անվան N128 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները:

Այցի նպատակն էր իրականացվող «Իմ աշխարհացույցը՝ քարտեզագրելով Երևան քաղաքի ջրային ռեսուրսները» դպրոցական նախագծային աշխատանքների շրջանակներում ծանոթանալ շրջակա միջավայրի մոնիթորինգի գործընթացին, մակերևութային ջրերում, մթնոլորտային օդում, հողերում որոշվող ցուցանիշներին, լաբորատորիայում իրականացվող անալիտիկ գործընթացներին, լաբորատորիայում առկա սարքավորումների աշխատանքին: 

Աշակերտները շրջայց կատարեցին լաբորատորիայում գործող տարբեր ծառայությունների լաբորատոր սենյակներով, ծանոթացան կենտրոնական լաբորատորիայի գործունեությանը, նմուշառման գործընթացներին, ընդգրկվեցին փորձազննության որոշակի փուլերի մեջ: Աշակերտները պատրաստել էին բուկլետներ և օրացույցներ Երևանի արհեստական ջրամբարների մասին, նրանք մեծ ոգևորությամբ հարցազրույց վերցրեցին լաբորատորիայի մասնագետներից, բաժանեցին իրենց պատրաստած հետաքրքիր բուկլետները, լսեցին աշխատակիցների կարծիքը և առաջարկվող գաղափարները ինչպես ջրային ռեսուրսների, այնպես էլ շրջակա միջավայրի մյուս բաղադրիչների պահպանության վերաբերյալ: